ՀՀ-ում տարեվերջին կգործարկվի նոր սերնդի ջերմոցային համալիր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 27, 2010 12:56

«ՍՊԱՅԿԱ» ՍՊ ընկերությունն այս տարեվերջին շահագործման կհանձնի նոր սերնդի ջերմոցային համալիր` ուղղված մրգերի եւ բանջարեղենի արտահանման խթանմանը: Այն կզբաղեցնի 5 հա տարածք: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ընկերության զարգացման ծրագրերի պատասխանատու Կարեն Բաղդասարյանը, ջերմոցային համալիրի կառուցման ուղղությամբ արդեն իսկ տարվել են հսկայածավալ աշխատանքներ` մշակվել են նախագծեր, որոնք գնահատվել են Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Հոլանդիայից ժամանած մասնագետների կողմից:

Ներկայումս «ՍՊԱՅԿԱ»-ի հետ համագործակցող ընկերությունների հետ մշակվում է բիզնես ծրագիր: Ջերմոցային համալիրի կառուցման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումները կներկրվեն Հոլանդիայից: Նախատեսվում է, որ հաջորդ տարվա սկզբին արտադրանքը կհայտնվի շուկայում: Կ. Բաղդասարյանի խոսքով, ուսումնասիրությունների համաձայն` արտաքին շուկաներում բանջարաբոստանային արտադրանքի սպառումը մեծ է լինում հատկապես արտասեզոնային ժամանակահատվածում: Այդ իսկ պատճառով արտահանումը մեծ ծավալներով կիրականցվի հատկապես ձմռանը:

Նշենք, որ «ՍՊԱՅԿԱ»-ն 2001թ-ից Հայաստանի առաջատար ավտոբեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որը կազմակերպում է միջազգային բեռնափոխադրումներ ԱՊՀ երկրներ եւ Եվրոպա: Ընկերությունը ընդլայնել է իր գործունեության շրջանակը` ներգրավվելով Հայաստանում թարմ մրգի մթերման, եվրոպական չափանիշներին համապատասխան տեսակավորման ու փաթեթավորման, ինչպես նաեւ արտահանման ծավալների ավելացման գործընթացում:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply