Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության ամենամյա համահայաստանյան բանակումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2010 12:50

Սույն թվականի օգոստոսի 18-22-ը Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության ամենամյա համահայաստանյան բանակումը, որը տևեց հինգ օր:
Բանակումին մասնակցում էին Հայաստանի բոլոր մարզերից` այդ թվում նաև Երևանից: Ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր երկու հարյուրի: Մասնակիցները բաժանվեցին խմբերի, որոնք էլ կրեցին իրենց խորհրդանշական անվանումները` ՙԲռունցք՚, ՙՊետո՚, ՙԴուշման՚,ՙՀայդուկ՚, ՙԲեկոր՚ և այլն:
Բանակումին հրավիրված էին նաև ԱՄՆ-ի արևմտյան շրջանի ՀՅԴ երիտմիության երկու ընկերներ: Նրանք ազատ զրույցի շրջանակներում համառոտ ներկայացրեցին իրենց գործունեությունը Հայ Դատի և հայապահպանության ոլորտներում:
Ծրագրում ներառված էին արշավներ, ինտելեկտուալ և մարզական խաղեր, առաջին բուժ-օգնության դասընթացներ, երգի ուսուցում, խարույկահանդես, դասախոսություն-քննարկումներ: Հինգ օրվա ընթացքում մեկ անգամ ևս առիթ ընձեռնվեց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության բանակումին մասնակից ընկերներին բանակումի ժամանակ հանդիպել Դաշնակության հասարակական-քաղաքական գործիչների ` Ալբեր Աճեմյանի, Ռուզան Առաքելյանի, Արա Նռանյանի, Արտաշես Շահբազյանի, Սարգիս Մկրտչյանի, Սիմոն Սիմոնյանի, Տիգրան Ջինպաշյանի և այլոց հետ: Վերոնշյալ ընկերների հետ Հայստանի Երիտասարդական Միության ընկերները քննարկեցին ՙՀ.Յ. Դաշնակցությունն ազգային ժողովում՚, ՙՀայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսկան իրավիճակը և Հ.Յ. Դաշնակցության դիրքորոշումները՚ և այլ թեմաներ:
Արշավի ընթացքում տեղի ունեցավ հինավուրց մատուռ-եկեղեցու տարածքի մաքրություն:
Բանակավայրում տեղի ունեցավ նաև թվով քսանհինգ ընկերների խոստման արարողություն և նրանք համալրեցին Հայաստանի Երիտասարդական Միության շարքերը:
Բանկումի վերջին օրը` ժամը 21:00-ին, Դիլիջան քաղաքի մի շարք պատանիներ հնարավորություն ունեցան մասնակցելու խարույկահանդեսին:
Մասնակիցները բանակավայրից հեռացան` իրենց հետ տանելով նոր գիտելիքներ, ծանոթություններ և անմոռանալի պահեր:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply