Թուրքիայում խառնվել են իրար. Չինաստանում նրանց ույղուր եղբայրները «ենթարկվում են բռնության»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 9, 2009 16:01

Թուրքիան պատրաստվում է «ույղուրների նկատմամբ Չինաստանի սպառնալիքների» հարցը բերել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ. այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով կոչ է արել Պեկինին` շտապ դադարեցնել ույղուր եղբայրների նկատմամբ բռնությունները, որոնք, ըստ նրա, «ոտնահարում են մարդու իրավունքների միջազգային չափանիշերն ու նորմերը»: «Մենք պատմամշակութային սերտ կապեր ունենք մեր ույղուր եղբայրների հետ, որոնց էլ համարել ենք Թուրքիայի և Չինաստանի միջև կամուրջ: Թուրքիան, որը մինչև 2011 թ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ է, ույղուր եղբայրների սպանության հարցը բերելու է օրակարգ»,-ասել է Էրդողանը:

Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն էլ նշել է, որ Թուրքիան չի կարող լռել ու սպասել թե ինչ է լինելու «բռնությունների ենթարկվող» ույղուրների հետ. «Այն, ինչ կատարվում է Չինաստանի Խինջյանգ նահանգում, մարդկության ամոթն է»,- հայտարարել է Դավութօղլուն, ով հեռախոսազրույց է ունենալու չինաստանցի պաշտոնակցի հետ:

Թուրքիայի արտգործնախարարությունը միաժամանակ «պարզաբանումների» է հրավիրել Անկարայում Չինաստանի դեսպանին, ում էլ փոխանցել են Թուրքիայի մտահոգությունն այդ կապակցությամբ: Թուրքիայի խորհրդարանի Չինաստանի հետ բարեկամության խմբի 59 անդամները, ի նշան բողոքի, հրաժարական են տվել: Արմատական` Ազգայնական շարժում կուսակցությունը կոչ է արել իշխանությանը` դադարեցնել Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը, որն անցած տարի հասել է 14 մլրդ դոլարի: Ազգայնամոլները դուրս են եկել փողոց` պահանջելով բոյկոտել չինական ապրանքները: Ավստրալիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում թուրքական համայնքները կազմակերպված ցույցեր են անցկացրել` բողոքելով ույղուր եղբայրների դեմ կատարվող «բռնություններին»:

Zaman, Hurriyet, Sabah

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply