ԱՄՆ-ը և Իսրայելը ազդարարել են Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու նոր արշավ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 9, 2009 16:07
«Վաշինգտոնին դեռևս մտահոգում է, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք ձեռք բերել, ինչն ամբողջ աշխարհում ու հատկապես Մերձավոր Արևելքում անկայունության պատճառ կդառնա»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը «Գլոբվիժըն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հիլարի Քլինթոնը կոչ է արել աշխարհին` միանալ Իրանի նկատմամբ նոր և ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու ամերիկյան արշավին, ինչը կարող է փոխել Իրանի վարչակարգի վարքագիծը` սեփական ժողովրդի դեմ իրականացվող ճնշումների սաստման գործում: «Իրանը չի հարգում իր ժողովրդավարությունը, և, ինչպես տեսանք անցնող շաբաթների ընթացքում, վարչակարգը բռնի մեթոդներ է կիրառում խաղաղ քաղաքացիների նկատմամբ»,-ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարի կոչին միացել է նաև Իսրայելի արտգործնախարարը: «Յեդեութ-Ահրանութ» թերթը գաղտնազերծել է Ավիգդոր Լիբերմանի և նրա ղեկավարած գերատեսչության մի քանի կարևոր աշխատակիցների հետ կայացած փակ հանդիպման մանրամասները, ըստ որոնց` Թել Ավիվը պատրաստվում է համաշխարհային մեծ քարոզարշավ սկսել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու նպատակով:
Թերթը պարզաբանել է, որ շուտով այդ արշավը կստանա ֆինանսավորում. «Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման բանակցություններն արդեն մղվել են 2-րդ պլան, իսկ առաջնայինն այժմ Իրանին միջազգային ասպարեզում պատժելն է»,-գրել է թերթը:
ԱՄՆ-ում հրեական լոբբիստական կազմակերպությունների համախումբը պատրաստվում է «Վաշինգտոնի օր» բազմահազարանոց հանրահավաք անցկացնել
ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ին Կոնգրեսի և Սպիտակ տան դիմաց, ինչպես նաև Նյու Յորքում, որտեղ նախատեսվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեժադի ելույթը ՄԱԿ-ում:
«Յեդեութ-Ահրանութ», Al Jazeera






Facebook
Tweet This
Email This Post
