«Գլենդել Հիլզը» գործողությունների ուղեցույց է ստեղծել, Գյումրու քաղաքապետն էլ` հանձնաժողով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 27, 2010 12:34

«Գլենդել Հիլզը» Գյումրու Մուշ-2 նորակառույց թաղամասի բնակիչների բարձրացրած հարցերի լուծման նպատակով գործողությունների իրականացման հերթականության ուղեցույց  է հրապարակել, իսկ Գյումրու քաղաքապետն էլ թաղամասի բնակեցմանը խոչընդոտող խնդիրների ուսումնասիրման նպատակով` փոխքաղաքապետի ղեկավարությամբ հանձնաժողով է ստեղծել:

Այդ քայլերը ձեռնարկվեցին այն ժամանակ, երբ   «Շիրակ կենտրոնը» Գյումրու Մուշ-2 նորակառույց թաղամասի բնակեցումն արագացնելու նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու խնդրի մասին դիմում-ուղերձ  հղեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին: Նորակառույց թաղամասի բնակեցման գործընթացում ի հայտ եկած զգալի խոչընդոտների վերացման անհրաժեշտության մասին դիմում-ուղերձում մասնավորապես ասվում էր. «Շիրակին առանձնահատուկ մոտալուտ ցրտաշունչ ձմռանը նորակառույց թաղամասն առավել դժվար, եթե չասենք գրեթե անհնար կլինի բնակեցնելը, իսկ ձմռանը նորակառույց բնակարաններն առանց բնակեցման թողնելն իր հերթին կբերի ծանր հետևանքներ: Ուստի բնակարան ստացած ընտանիքների` տնակներից նոր բնակարաններ տեղափոխումն արագացնելու համար, կարծում ենք,  անհրաժեշտ է հրատապ լուծել հետևյալ խնդիրները.

Բնակարաններն ապահովել անխափան ջրամատակարարմամբ:

Կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ»-ին պետք է պարտադրել, որ վերջիններս տրամադրեն շինարարական բավարար աշխատուժ և նորակառույց բնակելի շենքերում առկա թերություններն ու բացթողումները կարճ ժամանակամիջոցում վերացնեն:

Գյումրու քաղաքապետարանն էլ պետք է նորակառույց թաղամասը քաղաքի կենտրոնին կապող նոր երթուղային` ավտոբուսային միջոցներով ապահովի»:

Ի դեպ երկու օր է ինչ Մուշ-2 թաղամասում նկատվում է աշխուժություն` իրականացվում են շինարարական խոտանի վերացման, ջրամատակարարման, գազամատակարարման համակարգերի միացման աշխատանքներ: Մարզային հեռուստատեսություններով էլ պարբերաբար հեռարձակվում են  «Գլենդել Հիլզի» գործողությունների իրականացման ուղեցույցի և Գյումրու քաղաքապետի ստեղծած հանձնաժողովի մասին   հայտարարությունները`  բողոքներ ունեցող բնակիչներին հորդորելով դիմել իրենց:

Առիթն օգտագոծելով Գյումրու քաղաքապետարանի նորաստեղծ հանձնաժողովին ՏԻՄ-ի լիազորությունների մեջ մտնող և բնակարանամուտի արագացմանը նպաստող երկու առաջարկություն էլ մենք մեր կողմից ենք ներկայացնում: Բնակբաշխման այս փուլով բնակարաններ ստացան նաև հարյուրավոր միայնակ ծեր, հաշմանդամ քաղաքացիներ, բազմանդամ, սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներ, որոնց համար ոչ միայն  բնակության անհրաժեշտ պայմանների ինքնուրույն ապահովումն է անմատչելի, այլ նաև դժվար է ժամանակավոր կացարաններից սեփական ուժերով տնային իրերի  տեղափոխումը նոր բնակարաններ, ուստի առաջարկում ենք.

1.անապահով ընանիքներին տնակներից նոր բնակարաններ տեղափոխվելու խնդրում աջակցություն ցուցաբերել: Անշուշտ տեղին կլիներ, եթե Գյումրիում գործող բուհերի ղեկավարները ևս հորդորեին  իրենց ուսանողներին, որ նրանք օգնեին միայնակ ծերերի տնային իրերի տեղափոխմանը:

2. Մուշ-2 թաղամասը քաղաքի կենտրոնին կապող երթուղային տաքսիներից բացի գործարքել նաև ավտոբուսային երթուղի:Առաջին մեկ-երկու ամիսը նորակառույց բնակարաններ տեղափոխվող բնակիչներին այդ ավտոբուսներով սպասարկել անվճար:

Վերջում ուզում ենք վստահեցնել, որ այսուհետ ևս հետամուտ կլինենք, որպեսզի Մուշ-2 թաղամասում տիրող վիճակի մասին տեղեկատվությունը դառնա  հանրության սեփականությունը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply