Գայլաձորի հունի փոփոխման դեմ պայքարող գյուղացիներին ճնշում են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 26, 2010 16:50

Արգիճիի վտակ Գայլաձորի հունը փոխելու և այն դեպի Վայոց Ձորի մարզ ուղղելու դեմ պայքարող հինգ գյուղերում վախի մթնոլորտ է տիրում. ոստիկանությունը գյուղապետարանների միջոցով գյուղերի մի շարք բնակիչների հարցաքննությունների է կանչում` փորձելով պարզել, թե ովքեր են  հուլիսի 19-ի բողոքի ակցիայի կազմակերպիչները:

Հուլիսի 19-ին Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Վաղաշեն, Մադինա, Գեղհովիտ գյուղերի մի քանի հարյուր բնակիչներ  չորս ժամով փակել էին Երևան-Մարտունի մայրուղու` Արգիճի գետին հարակից ճանապարհը ` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով ընդդեմ Գայլաձորի հունի փոփոխության, ինչպես նաև խնդրի վրա հրավիրելով իշխանությունների ուշադրությունը:

«SOS Արգիճի»  նախաձեռնող խմբի անդամ Պայծառ Աղաբաբյանը պատմում է, որ բողոքի ակցիայից 2 օր հետո` հուլիսի 21-ին քննիչ Հուսիկ Բաղդասարյանն իրենց տուն է եկել և հարցաքննել իրեն` պահանջելով ներկայացնել  բողոքի ակցիայի մանրամասները: «Որդիներս, հարսներս, թոռներս տանը, ամբողջ գյուղն էլ նայում էր, թե ինչու է ոստիկանական մեքենան մեր տուն եկել: Խնդիրներից խուսափելու համար պատասխանեցի քննիչի հարցերին: Բայց երեկ մերժեցի հարցաքննության ներկայանալ, քանի որ անօրինական` առանց ծանուցագրի են կանչում»,- ասում է Աղաբաբյանը:

Նախաձեռնող խմբի անդամները պատմում են, որ ոստիկանությունում այնպիսի մարդկանց են հարցաքննության հրավիրում, ումը կարող են վախեցնել և ստիպել խոսել. «Հարցաքննության են կանչում կրկնակի դատվածություն կամ առողջական խնդիրներ ունեցողներին, որոնց վրա ճնշումներ գործադրելն ավելի հեշտ կլինի»:

«Ուզում են մեկին քավության  նոխազ դարձնել, որ մյուսնեն էլ վախենան ու ապօրինի կառույցի շինարարությունն առանց խոչընդոտների շարունակվի»,- ասում են «SOS Արգիճի» նախաձեռնող խմբի անդամները:

Բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը ուսումասիրությունից հետո եզրակացրեց, որ Գայլաձորի վրա ծավալված շինարարությունն անօրինական է:  Մինչ այդ շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն գետի վրա պետք է կառուցվեր փոքր հէկ: Անօրինական կառույցի քանդման մասին որոշում դեռևս չկա: Պատասխանատվության չի ենթարկվել նաև անօրինական շինարարություն իրականացնող «Զանգեզուր էքսիմպ» ընկերությունը:

Չնայած Աղաբաբյանը նշում է, որ իրենց կյանքի իրավունքի համար պայքարող գյուղացիներն ավելի համախմբված են դարձել և միասնաբար են դիմադրում ոստիկանության ճնշումներին, նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ Վարդան Գալստյանը փաստում է, որ իրենց շարքերն արդեն իսկ նոսրացել են: «Ակցիայի կազմակերպիչներին գտնելու պատրվակով ուզում են «SOS Արգիճի» նախաձեռնող խմբին խեղճացնել: Հիմա փորձում ենք ԶԼՄ-ների ուշադրությունը խնդրի վրա գրավելու համար ասուլիս կազմակերպել, բայց ամենուրեք մերժում ենք ստանում»,- ասում է Գալստյանը:

Այս մասին տես նաև`

Գայլաձորի ապագան անհայտ է. իշխանությո՞ւնն է ստում, թե՞ հասարակությունը

Գայլաձորի հունի փոփոխությամբ Սևանի մակարդակը տարեկան 12 սմ-ով պակաս կբարձրանա


Դիտվել է 2628 անգամ:
Print Friendly

Leave a Reply