ՀՀ քաղաքացիների մոտ 22 տարում գրանցվել է ՄԻԱՎ-ի 901 դեպք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 26, 2010 14:51

Հայաստանի Հանրապետությունում 1988թ-ից մինչեւ 2010թ-ի հուլիսի 31-ը գրանցվել է ՄԻԱՎ-ի 901դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որից 66-ը` այս տարվա առաջին կիսամյակում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՄԻԱՎ-ի գրանցված դեպքերի թիվը պակասել է 17-ով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները:

Վարակվածների 60%-ը 25-39 տարիքային խմբում է: Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են` հետերոսեքսուալ ճանապարհը (50,4%) եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (40,5%): Սրանցից բացի Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան եւ հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, ընդ որում` նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել եւ, հավանաբար, ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում ու Ուկրաինայում:

Բացի այդ, ՄԻԱՎ-ով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը` 56,1%-ը, նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով: ՄԻԱՎ-ի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում, դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2300-ից ավելի ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

Իսկ աշխարհում, 2008թ-ի տվյալներով` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 33,4 մլն է, որից 32,3 միլիոնը մեծահասկաներ են, իսկ 2.1 միլիոնը` 15 տարեկանից փոքր երեխաներ: Նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ-ի վարակի 2,7 մլն նոր եւ ՁԻԱՀ-ից մահվան 2 մլն դեպք: Ի դեպ, ըստ մասնագետների` ՄԻԱՎ-ի օրգանիզմ ներթափանցելու պահին մարդը չի ունենում ոչ մի արտասովոր զգացողություն: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ` միջինում 7-15 տարի, կարող է առողջության հետ կապված որեւէ խնդիր չունենալ եւ չիմանալ իր վարակված լինելու մասին:

Արտաքինից եւս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել լաբորատոր հետազոտությամբ: Երբ ՄԻԱՎ-ը ներթափանցում է օրգանիզմ, իմունային համակարգի կողմից սկսում են արտադրվել հակամարմիններ, որոնց միջոցով օրգանիզմը փորձում է պայքարել վիրուսի դեմ: Հայտնաբերվելու համար բավարար քանակով հակամարմիններ վարակվածների 90-95%-ի արյան մեջ ի հայտ են գալիս վարակվելուց երեք ամիս, 5-9%-ի մոտ 6 ամիս հետո եւ 0,5-1%-ի մոտ` ավելի ուշ` մինչեւ 1 տարի:

Բժիշկների պնդմամբ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն բոլոր այն մարդիկ, ովքեր երբեւէ դրսեւորել են ռիսկային վարքագիծ, այսինքն երբեւէ օգտագործել կամ ներկայումս շարունակում են օգտագործել թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, առանց պահպանակի սեռական հարաբերություններ են ունեցել պատահական զուգընկերների կամ ՄԻԱՎ-ով վարակվելու տեսանկյունից ոչ անվտանգ վարքագիծ ունեցող մարդկանց հետ, ունեն որեւէ սեռավարակ, ենթարկվել են մաշկի եւ լորձաթաղանթների ամբողջականության խախտմամբ ուղեկցվող միջամտությունների` դաջում, դակում` չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն եւ հետազոտություն իրականացնող ցանկացած հաստատություններում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններն անվճար են: Ցանկության դեպքում կարելի է հետազոտվել անանուն:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply