Բարեփոխվում է արտակարգ իրավիճակների նախարարության համակարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 26, 2010 14:34

Այսօրվա կառավարության նիստի օրակարգի ավելի քան հիսուն հարցից տասնյոթը վերաբերել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կատարվող բարեփոխմանը։ Նախարարության գործունեության երկու տարին ցույց է տվել, որ համակարգում կան գործող մարմինների խնդիրների և գործառույթների կրկնություններ, համանման ստորաբաժանումներ, արդյունավետ չէ տեղեկատվության ստացման, ամփոփման, որոշումների կայացման և կառավարման գործընթացը։

Կառավարության որոշումներից մեկով հստակեցվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում լիազորված մարմնի խնդիրները, փոփոխվել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, այլ որոշումներով նախարարության ենթակայությանն են հանձնվել Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի պետական հրդեհային տեսչությունը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» և «Մթնոլորտային երևույթների ներգործության ծառայություն», սեյսմիկ պաշտպանության արևմտյան, արևելյան, հյուսիսային և հարավային ծառայությունների, «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ները։

Նախարարությանն են վերապահվել «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն» և «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները, իսկ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ներում նախատեսվել են կառավարման կոլեգիալ մարմիններ։ Հաջորդ երկու որոշումներով գործադիրը «Լազուր» կոմբինատ» պետական հիմնարկը վերակազմակերպել է «Լազուր» ՊՈԱԿ-ի, «Պահուստ» պետական հիմնարկը միացրել «Բուժգույք» ՊՈԱԿ-ին։

Նիստում հաստատվել է ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը լրամշակվել է` հիմք ընդունելով Եվրոպայի երկրների փորձն ու օրինակը։ Ակնկալվում է, որ կատարված բարեփոխմամբ կհստակեցվեն նախարարության և դրա համակարգի մարմինների գործառույթները և խնդիրները, կառուցվածքը կհամապատասխանեցվի խնդիրներին, կապահովվի օպտիմալացումը, կլուծվեն մի շարք այլ հարցեր։
Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply