Ավտոմեքենաների տեխզննություն իրականացնող կայանների գործունեությունն ազատականացվել է

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 26, 2010 14:21

Այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և ևս վեց ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում կկրճատվի հարկ վճարողների տրամադրելիք հաշվետվությունների քանակը, կսահմանվի դրանց ներկայացման միասնական ժամկետ, ընդհանուր առմամբ կբարելավվի գործարար մթնոլորտը։

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման և կիրառման դեպքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման, մաքսային վճարների ընթացակարգերի պարզեցում և մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրում։

Կառավարության հավանությանն են արժանացել «Դիվանագիտական ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը։ Դրանք ուղղված են ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների նշանակման և ազատման և պաշտոնավարման ժամկետները կանոնակարգելուն, արտաքին մրցույթով դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համալրման մեխանիզմը պարզեցնելուն, դիվանագիտական աստիճանների դերը վերաարժևորելուն և դիվանագիտական նոր աստիճաններ սահմանելուն, ռոտացիայի ժամկետները վերանայելուն, դիվանագետների սոցիալական վիճակը բարելավելուն և այլն։

Հավանության արժանացած  օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Իր հերթական որոշմամբ կառավարությունն ազատականացրել է ավտոմեքենաների տեխնիկական զննություն իրականացնող կայանների գործունեությունը` հնարավորություն տալով դրանով զբաղվել նման ցանկություն հայտնած կազմակերպություններին։ Տրանսպորտային միջոցների սեփականատերերը նույնպես ունենում են իրենց նախընտրած կայան դիմելու հնարավորություն։

Կառավարությունը հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը` հաստատել է «Համաձայնեցված հայտարարագրի և ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) կտրոնի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը, ԱՊՊԱ կտրոնի վնասված (խոտանված) լինելու չափանիշները, վնասված (խոտանված), կորած, հափշտակված կամ ոչնչացված ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինման և ԱՊՊԱ կտրոնի և դրա ձևաթղթի հաշվառման կարգը։

Գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխել իր նախկին երեք որոշումները և պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 891 մլն 400 հազար դրամ։

Իր նիստում կառավարությունը 96 մլն 600 հազար դրամ է հատկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որը նախատեսում է 2010թ. բացել յոթ դեսպանություն։

Դրանց ֆինանսավորումն իրականացվելու է դեսպանությունների պահպանման ծախսերի համար նախատեսված գումարի շրջանակում կադրերի վերաբաշխման շնորհիվ տնօրինված միջոցներով, որոնք կազմելու են նոր դեսպանությունների ֆինանսավորման գերակշռող մասը։

Գործադիրը հաստատել է Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արփա-Սևան» թունելի վերականգնման վարկային ծրագրի գումարով թունելի վերականգնման աշխատանքի ձեռքբերման համար անցկացված մրցույթի արդյունքները 11798546320 ՀՀ դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Արփա-Սևան» ԲԲԸ-ն։ Այս ընկերությունը ներկայացրել էր մրցույթի երեք կազմակերպություններից ամենացածր գնային առաջարկը։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Կրեդիտանշտալտ ֆյուր Վիդերաուֆբաու» կազմակերպության և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված վարկային պայմանագրի համաձայն «Բնակարանային կայուն շուկայի զարգացում» ծրագրի ապահովման և վարկի հետագա ստացման նպատակով ՀՀ ԿԲ-ին տրամադրել 20,000,000 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք։
Գործադիրը հաստատել է ՀՀ սփյուռքի նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը, ՀՀ քաղաքաշինության նախարարության «Լիցենզավորման կենտրոն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը, ստեղծել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը։

Իր երկու որոշմամբ կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում հաստատած Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկում, ինչը բխում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի պահանջից և նպատակ ունի աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի անընդհատ թարմացման միջոցով պահպանել դրա արդիականությունը։

Գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2010թ. Պետբյուջեում և միջծրագրային վերաբաշխման եղանակով 150.0 մլն դրամով ավելացնել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված 2010թ. հատկացումները։

Դիտվել է 1771 անգամ:
Print Friendly

Leave a Reply