Սպասվում են բարձրաստիճան հյուրեր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 26, 2010 11:36

Սեպտեմբերի 3-ին Հայաստան կժամանի Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆան (Եգիպտոս): Այս  իրադարձությունն ուշագրավ է ոչ միայն այն առումով, որ նա առաջին անգամ է լինելու  տարածաշրջանում: Բան այն է, որ անկախացումից հետո մեր երկիր այցելած տարբեր մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների նախագահների թիվն այնքան էլ մեծ չէ: Կարելի է առանձնացնել Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին, ով քանիցս է եղել հինավուրց մեր հողում, նաև ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիաների ղեկավարներին: Սակայն բոլոր  այս մարզաձևերում մեր երկրի ներկայացուցիչներն ակնառու հաջողությունների են հասել միջազգային տարբեր ստուգատեսներում, այդ թվում օլիմպիադաներում, օլիմպիական խաղերում և այդպիսի վերաբերմունքը միագամայն սպասելի է եղել: Մինչդեռ, հանդբոլիում այդ առումով ուրախանալու գրեթե ոչինչ նախկինում չենք ունեցել: Ի դեպ, վերջին տարիներին է, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի գլխավորությամբ հիմնավոր քայլեր են արվում նաև այս մարզաձևը Հայաստանում ամուր հիմքերի վրա դնելու համար: Նա մեծ հեղինակություն ունի  միջազգային կազմակերպություններում: Սեպտեմբերի 2-ին Վանաձորում  մեկնարկելիք Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Իրանի տղամարդկանց հավաքականների միջազգային երկրորդ մրցաշարի կազմակերպումն այդ ամենի վառ վկայությունն է: Ի դեպ, ստուգատեսի օրերին Հայաստան են այցելելու նաև Բելառուսի, Վրաստանի հանդբոլի ֆեդերացիաների նախագահները, Հանդբոլի Եվրոպայի ֆեդրացիայի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավար Ֆրանտիշեկ Տաբորսկին (Չեխիա):

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply