Թուրքական առաջադեմ թերթերը պաշտպանում են Հրանտ Դինքի իրավունքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 25, 2010 18:55
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի ներկայացրած հայցն ընդդեմ թուրքական պետության: Օգոստոսի 24-ին Թուրքիայում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարության հատուկ նիստ` քննարկելու Թուրքիայի կողմից ձեռնարկվելիք հետագա քայլերը:
Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց Թուրքիայում լույս տեսնող հայկական «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանը, առաջարկվել է համաձայնության գալ Դինքի ընտանիքի անդամների հետ եւ հարցին բարեկամական լուծում տալ, սակայն եթե ընտանիքը չընդունի, Թուրքիան պետք է սպասի դատարանի վճռին: «Ժողովուրդն այժմ սպասում է զարգացումներին, իսկ առաջադեմ թերթերը շատ ամոթալի են համարում Թուրքիայի` Եվրոպական դատարանին ուղարկված ինքնապաշտպանական նամակը, որը շատ աննպաստ տպավորություն է ստեղծել»,- ասաց խմբագրապետը` նշելով, որ նամակում նշված է, որ Հրանտ Դինքը ինքնապաշտպանություն չի խնդրել:
Ըստ Ռ. Հատտեճյանի` մամուլը միաձայն դեմ է իրականացվող քայլերին եւ Թուրքիայի իշխանությունների անճարակությանն է վերագրում այս ընթացքը: «Թուրքական մամուլի որոշակի հատվածը եւ որոշ շրջանակներ պաշտպանում են Հրանտ Դինքի իրավունքները եւ դատապարտում են Թուրքիային պաշտպանության եւ սպանության հետաքննության ժամանակ ցուցաբերած անճարակության համար»,- ասաց խմբագրապետը` ընդգծելով, որ այդպես էլ հայտնի չդարձան Դինքի սպանության մեղավորները: Դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային բազում սպառնալիքներից հետո Հրանտ Դինքի անվտանգությունը չապահովելու եւ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նրան մեղադրելու համար:
Դատարանը Թուրքիային դատապարտել է նաեւ Դինքի սպանության գործով դատավարությունն անարդյունավետ անցկացնելու համար: Կենդանության օրոք Դինքի դեմ մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի` թուրքական ինքնությունը վիրավորելու մասին 301-րդ հոդվածի հատկանիշներով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Դինքի հայցի վերաբերյալ իր ամբողջական վճիռը հրապարակելու է սեպտեմբերի սկզբին: Հրանտ Դինքն սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին Ստամբուլում` թուրք ազգայնական դավադիրի գնդակից:






Facebook
Tweet This
Email This Post
