Նախագահն ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցչին

Պաշտոնական, Օրվա լուր | | August 24, 2010 15:34

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը եւ հանձնակատարի գրասենյակը շուրջ երկու տասնամյակ արդյունավետ  համագործակցում են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել փախստականների ինտեգրման եւ նրանց խնդիրները լուծելու գործում Հայաստանի կառավարության ջանքերին գրասենյակի  ցուցաբերած աջակցության համար:

Նախագահն ընդգծել է, որ,  չնայած կատարված մեծ աշխատանքին, բազմաթիվ փախստականներ դեռեւս ապրում են ժամանակավոր կացարաններում: Հանրապետության ղեկավարը կարեւորել է փախստականներին բնակարաններով ապահովելու  գործում հանձնակատարի գրասենյակի եւ կառավարության միջեւ համագործակցության շարունակականությունը:

ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն ասել է, որ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ կառավարության ճիշտ եւ նպատակամղված երկարամյա համագործակցությունը, իսկապես, մեծ արդյունքներ է տվել:

Նախագահը եւ Դամթյու Դեսալեյնը խոսել են Հայաստանի եւ ՄԱԿ-ի վերոհիշյալ  գրասենյակի միջեւ համագործակցության առաջիկա  ծրագրերի մասին, մասնավորապես, կարեւորել 2011թ. կազմակերպվելիք դոնորների համաժողովը, որին կմասնակցի նաեւ Կազմակերպության` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ  Լեռնային Ղարաբաղում ապրող փախստականների խնդրին: Նշելով, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն փախստականների խնդիրը երբեք չեն դարձրել քաղաքական շահարկումների առարկա, Սերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել փաստը, որ նրանք ընդգրկված չեն ՄԱԿ-ի` փախստականներին աջակցության ծրագրերում:

Դիտվել է 1604 անգամ:
Print Friendly

Leave a Reply