Հայաստանում 2010-11 ուստարում կսովորի 324 սփյուռքահայ ուսանող

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 24, 2010 14:08

Ամփոփվել են սփյուռքահայ դիմորդների դիմում-հայտերի արդյունքները` Հայաստանի Հանրապետությունում սովորելու վերաբերյալ: Այս ամենամյա ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից, 2010-2011 ուսումնական տարվա շրջանակներում կհյուրընկալի 324 սփյուռքահայ ուսանողի` նախապատրաստական, բակալավր եւ մագիստրատուրա կրթական աստիճաններում:

Ինչպես «Արմենպես»-ի հետ  զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանը, ամենաշատ հայտերը ստացվել են Վրաստանից` 220, իսկ առհասարակ դիմումները Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Սիրիայից, Թուրքմենստանից, Ուկրաինայից, Աբխազիայից, Իսրայելից, Հոլանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լիբանանից, Թուրքիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ղազախստանից, Կիպրոսից եւ Բելառուսից են: Հայաստանի կառավարության կողմից նախասահմանված պետական պատվերի շրջանակներում հատկացված տեղերի թիվն այս տարի 70 է, որոնք նախատեսված են բակալավրի ուսանողների համար:

Ն. Վարդանյանի խոսքով` այս տարի արձանագրվել է Երեւանի պետական համալսարանի կողմից առաջարկվող միջազգային հարաբերություններ եւ իրավաբանություն մասնագիտություններ սովորել ցանկացողների ակտիվություն: Վճարովի եւ անվճար (պետպատվեր) ուսման համակարգերով սովորողների անունները կճշտվեն քննություններից հետո, որոնց օրը դեռեւս որոշված չէ: Ն. Վարդանյանի խոսքով` դիմորդ սփյուռքահայերի մի մասը նախկինում ուսումը սկսել են Հայաստանում, հետո հանգամանքների բերումով հայտնվել են հանրապետության սահմաններից դուրս: «Այժմ այդպիսի ճակատագրի տեր մարդկանց մի որոշակի խումբ ցանկություն է հայտնում շարունակել կրթությունը Հայաստանում»,-ասաց նա:

Դիտվել է 2022 անգամ:
Print Friendly

Leave a Reply