Թրաֆիքինգի զոհերը ծնվում են սոցիալական վատ պայմաններից

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | August 24, 2010 13:33

Թմրադեղերից և զենքի առևտրից հետո թրաֆիքինգը երրորդ խոշոր բիզնեսն է համարվում ողջ աշխարհում: Սեռական թրաֆիքինգի նպատակով ամեն տարի Հայաստանից բազմաթիվ կանայք են տեղափոխվում Արաբական էմիրություններ և Թուրքիա: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության` մարդկանց թրաֆիքինգի մասին 2010 թվականի զեկույցի, Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է հարկադիր մարմնավաճառության նպատակով թրաֆիքինգի ենթարկվող կանանց համար: Այդ նույն զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ չի բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն ստանդարտներին, սակայն զգալի աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ:

2010թ. հունվարից գործողության մեջ են մտել օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն ավելացել է թրաֆիքինգ իրականացնողների համար սահմանվող նվազագույն պատժաչափը` դառնալով 5 տարվա ազատազրկում, սահմանվել է դատապարտված թրաֆիքինգ իրականացնողների գույքի բռնագրավման հնարավորությունը, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերն ազատվում են քրեական պատասխանատվությունից` ուղղակիորեն թրաֆիքինգի ենթարկվելու հետևանքով իրականացված հանցանքների համար:

Ներկայացնում ենք թրաֆիքինգի ենթարկված կանանց երկու պատմություն:

«Մտածելով, որ ուրիշ բանի պիտանի չեմ` նորից բռնեցի այդ ճանապարհը…»

«Աղջիկս դեռ չէր ծնվել, երբ ամուսինս մեկնեց Ռուսաստան` աշխատանք գտնելու: Երբ ծնվեց երեխան, մի քանի օր հիվանդանոցից դուրս չէին գրում, փող չկար, որ վճարեի: Գնացի ծնողներիս տուն: Երկու տարի ամուսնուցս ոչ մի լուր չստացանք: Մեր վիճակն օր օրի վատանում էր: Ես ու փոքրիկս բեռ էինք դարձել ծնողներիս` առանց այն էլ բազմանդամ ընտանիքի վրա: Նպաստ էլ չէին տալիս, ասում էին` ամուսինդ Ռուսաստանում է, փող կուղարկի: Օրերով իմ երեխան, փոքր եղբայրս և քույրս միայն առանց շաքարի թեյ էին խմում:

Մի օր էլ ծանոթներիցս մեկից տեղեկացա, որ Երևանում աշխատանք կա. Կանանց ներքնաշորեր պիտի գովազդեի: Որոշեցի փորձել: Աշխատանք առաջարկողները պայման դրեցին. քանի որ ես փորձ չունեմ, պետք է վերապատրաստվեմ արտասահմանում: Այնքան արագ ձևակերպեցին փաստաթղթերս, որ տուն վերադառնալ էլ չհասցրի: Ասացին, որ երկու շաբաթով ենք մեկնում: Ինձ հետ նաև երկու աղջիկ կային, նրանցից մեկը` տասնվեց տարեկան էր:

Դուբայի մասին մինչ այդ չէի լսել: Օդանավակայանում մեզ դիմավորեց մոխրագույն մի ավտոմեքենա, որը մեզ տարավ հյուրանոց: Մեր ցանկությունը, որ չորսով մի սենյակում ապրենք, մերժեցին` ասելով, թե մեզ հարկավոր է լավ հանգստանալ, որ լավ տեսք ունենանք պարապմունքների համար: Դա վերջին անգամ էր, որ տեսա աղջիկներին:

Առավոտյան իմ սենյակ եկավ մի միջահասակ մարդ և նրա մի քանի ռուսերեն բառերից հասկացա, որ պետք է հետևեմ իրեն: Երբ իջնում էինք աստիճաններով, տեսա ուրիշ աղջիկների, որոնց տղամարդիկ էին ուղեկցում: Վերջիններից մի քանիսը ձեռքով շոյեցին այտս, կուրծքս: Ես տարակուսանքի մեջ էի: Շուտով մտանք մի սենյակ, որտեղից շոգեբաղնիքի գարշահոտ էր փչում: Դուռը հետևիցս փակվեց, անգամ չկարողացա տեսնել, թե ով է սենյակում:

Երբ վերադարձրին իմ սենյակ, փորձեցի միջանցք դուրս գալ, որպեսզի գտնեմ ընկերուհիներիս: Սենյակիս դուռը փակ էր: Այդպես անցավ ամբողջ երկու ամիս: Լինում էին օրեր, երբ ստիպված էի «սպասարկել» քսանից երեսուն մարդու: Չէ, ինձ չէին ծեծում, վախենում էի դրանից, ստիպված համաձայնում էի բոլոր ստորացումներին:

Այնտեղից ինձ գրեթե հրաշքով հաջողվեց փախչել հյուրանոցում աշխատող մի տարեց մարդու օգնությամբ: Երբ վերադարձա Հայաստան, մորս պատմեցի գլխիս եկածը, բայց նա չհավատաց, որ իմ կամքից անկախ եմ բռնության ենթարկվել: Մայրս չընդունեց ինձ: Ստիպված վերադարձա Երևան. փորձեցի մի քանի տեղ աշխատանք գտնել, չստացվեց: Մտածելով, որ ուրիշ բանի պիտանի չեմ, նորից բռնեցի այդ ճանապարհը…

Երբեմն գնում եմ իմ հայրենի քաղաքը, հեռվից աղջկաս տեսնում, մայրս չի թողնում, որ հանդիպեմ: Մի անգամ մի քիչ փող էի ուղարկել, չէր վերցրել:

Մեծ քաղաքում ավելի հեշտ է, փոքր միջավայրում բոլորը քեզ ճանաչում են,   դժվար են մոռանում, թե ինչ անցյալ ես ունեցել: Ես չեմ էլ ուզում, որ աղջիկս երբևէ իմանա իմ մասին:

Մի՞թե արդարացի է, որ ինձ մեղադրողները ամուսնուս չեն մեղադրում, որ գնաց և ինձ մենակ թողեց հոգսերի մեջ…»:

«Ես վերածվեցի մեքենայի, որը պետք է լռությամբ կատարեր բոլոր այցելուների ցանկությունները…»

«Մանկությունից միայն ծնողների վեճ, փոխադարձ վիրավորանք ու հայհոյանք եմ հիշում: Երբ տասնհինգ տարեկան էի, հորս դատեցին: Դրանից հետո ամաչում էի դպրոց գնալ: Չնայած չէի ճանաչում, սակայն խղճում էի այն աղջկան, որ հորս զոհն էր դարձել: Մտածում էի, որ եթե ինձ հետ այդպիսի բան պատահեր, ինքնասպան կլինեի: Ի՞նչ իմանայի, որ տարիներ հետո ես էլ էի հայտնվելու նման վիճակում:

Դպրոցում և փողոցում ինձանից սկսեցին հեռու մնալ: Ընկերներիս շրջանակը նեղացավ…Ես երազում էի թատրոնի դերասանուհի դառնալ: Ինքնուրույն որոշեցի և մեկնեցի Երևան: Հյուրընկալվեցի քեռուս ընտանիքում: Մինչև ընդունելության քննությունները դեռ երկու շաբաթ կար: Ամեն երեկո իջնում էի բակ, ծանոթացել էի աղջիկների հետ, ովքեր ոչինչ չգիտեին մեր ընտանիքի մասին: Մի օր էլ աղջիկներից մեկն ինձ հրավիրեց իրենց տուն: Տանտիրուհին, իմանալով բուհ ընդունվելու իմ ցանկության մասին, հանդիմանեց. «Էդ աշխատանքով ի՞նչ փող պիտի ստանաս, հիմա ո՞վ է դրանով կարգին փող աշխատում»:

Նա առաջարկեց իր աղջկա հետ մեկնել արտասահման` կարգին վարձատրվող աշխատանք գտնելու: Չթողեց, որ խորհրդակցեմ քեռուս կնոջ հետ: Վերցրեց անձնագիրս, մի քանի օրում պատրաստեց անհրաժեշտ թղթերը: Մեկնելու օրը պարզվեց, որ այդ կնոջ աղջիկը «հիվանդացել է», բայց որպեսզի մենակ չգնայի, ինձ ուրիշ աղջիկներ պետք է ուղեկցեին: Ճիշտը որ ասեմ, ես արդեն փոշմանել էի, չէի ուզում մեկնել, բայց քանի որ թղթերս արդեն հետ էի վերցրել ինստիտուտից և անձնագիրս էլ տվել էի այդ «բարի» կնոջը, մյուս երկու աղջիկների հետ մեկնեց Դուբայ:

Հյուրընկալվեցինք մի հյուրանոցում: Հետո ինձ տարան առաջին հաճախորդի մոտ: Նա շատ զայրացավ, երբ փորձեցի ընդդիմանալ ու բղավել: Մի քանի անգամ խփեց դեմքիս, հետո սկսեց փաղաքշել: Ես նրա լեզուն չէի հասկանում, մի կերպ բացատրեց, որ եթե լսեմ իրեն, ինձ կօգնի, որ տուն վերադառնամ: Երբ այդ ամենը վերջացավ, կարծում էի, թե այլևս նրանց պետք չեմ, ինձ հանգիստ կթողնեն: Այց դա դեռ վերջը չէր. երկու օր շարունակ մարդիկ էին գալիս և , մեր կողմը մատնացույց անելով, ինչ որ բան էին խոսում: Հետո իմացանք, որ սակարկում էին: Ինձ թվում էր, թե վատ երազի մեջ եմ:

Հետո մեզ բաժանեցին իրարից: Չեմ կարող նկարագրել այն զգացողությունները, որ ունեցել եմ այդ դժոխային օրերին: Ես վերածվեցի մեքենայի, որը պետք է լռությամբ կատարեր բոլոր այցելուների ցանկությունները:

Յոթ ամիս տառապելուց հետո մի օր հանկարծ ինձ հագուստ տվեցին, երկու հարյուր դոլար, անձնագիրս և ճանապարհեցին Հայաստան: Հետո իմացա, որ քեռակինս էր հարևանուհուն ստիպել հայտնել իմ տեղը` սպառնալով, որ կդիմի ոստիկանություն:

Վերադարձա, բայց արդեն կարծես ուրիշ մարդ էի դարձել: Բարեբախտաբար մեր քաղաքում իմ բացակայության մասին չէին իմացել: Միայն մտերիմներս էին տեղյակ կատարվածից:

Հետագայում քեռակինս միջնորդեց, և ես ծանոթացա մի տղայի հետ, որի հետ էլ ամուսնացա:  Արդեն մի քանի տարի է, ամուսնացած ենք, բայց ամեն օր քնում ու արթնանում եմ այն վախով, որ ամուսինս կամ նրա հարազատներից որևէ մեկը կարող են ինչ որ բան իմանալ: Մի քանի անգամ որոշել եմ պատմել ամուսնուս, բայց հաստատ գիտեմ` չի հասկանա: Խուսափում եմ նաև մեր քաղաք գնալուց: Մինչև ե՞րբ պիտի այսպես վախի մեջ ապրեմ, չգիտեմ…»:

Պատմությունները տրամադրել է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը

Դիտվել է 4962 անգամ:
Print Friendly

Leave a Reply