Թյուրքական աշխարհի խնդիրները և լուծման ուղիները կսկսեն քննարկել վաղվանից
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | July 9, 2009 14:48
Հուլիսի 10-12 Ծաղկաձորում տեղի կունենա «Թյուրքական աշխարհ, Կովկաս և Իրան. քաղաքակրթությունների փոխներգործության խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հայաստանյան և արտասահմանյան մի շարք այլ կազմակերպությունների հետ համատեղ:
Գիտաժողովի նպատակն է բացահայտել Կենտրոնական Ասիայից մինչև Արևելյան Եվրոպա և Հարավային Ռուսաստանից մինչև Իրան ընկած տարածքի աշխարհաքաղաքակրթական դերը համաշխարհային պատմության մեջ և վերլուծել գլոբալացման ազդեցությունը տարածաշրջանի վրա:
«Մեր նպատակն է բացահայտել թյուրքական աշխարհի կապը Իրանի և Կովկասի հետ,-ասում է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը,-Սա համապատասխանում է մեր երկրի քաղաքականությանը` ունենալ առանց նախապաշարմունքների հարաբերություներ բոլոր հարևանների հետ»:
Տարածքային հիմնահարցերին նվիրված այս գիտաժողովն արդեն յոթերորդ անգամ է կազմակերպվում Հայաստանում. նախորդը տեղի է ունեցել 2008-ի հունիսի 6-8-ը` «Իրան և Կովկաս» խորագրով: Հետագայում նախատեսվում է գիտաժողովը կազմակերպել 2 տարին մեկ անգամ:
Այս տարի գիտաժողովին կմասնակցեն 100 մասնակիցներ 21 երկրներից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա, Գերմանիա, Իսրայել, Ռուսաստան, Թուրքիա և այլն):
Ասատրյանն ասում է, որ Հայաստանն ունի պոտենցիալ հնարավորություն` դառնալ տարածաշրջանի գիտական կենտրոն. օրինակ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում 150 օտարերկրացի ասպիրանտ է սովորում:
Հայաստանը, ըստ Ասատրյանի, կարող է դառնալ իսլամ-քրիստոնեություն համագործակցության օրինակ. «Բարդ տարածաշրջանում ենք ապրում, և հարևան ժողովուրդների հետ դեռ հազարամյակներ էլ պիտի ապրենք: Պետք է գտնենք ընդհանրություններ և նմանություններ խաղաղ գոյակցության համար»:
Գիտաժողովի կազմակերպիչներն ասում են, որ նաև նպատակ ունեն լայն հանրության համար հստակ տարանջատել «թուրքական» և «թյուրքական» հասկացությունները: «Թյուրքականն ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին, այդ թվում և` ադրբեջանցիներին ու թուրքերին: Եթե ջերմ հարաբերություններ ունենանք թյուրքական աշխարհի հետ, ակամա կջերմանան հարաբերությունները նաև Թուրքիայի հետ»-ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Գիտաժողովում զեկույցներից բացի, կլինեն նաև տարածաշրջանային խնդիրների քննարկումներ:






Facebook
Tweet This
Email This Post
