Հացպանյանի վրա համաներումը չեն տարածում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 9, 2009 16:12
mhm42682-copy1

Իշխանյանը ցույց է տալիս վկայություններ, որ Հացպանյանը մասնակցել է պատերազմին

Հունիսին  հայտարարված ՀՀ նախագահի համաներումը իշխանությունը չի տարածում Ֆրանսիայի քաղաքացի կալանավոր Սարգիս Հացպանյանի վրա:

Այս մասին այսօր ասուլիսում հայտնեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, ով տեղեկացել է այդ մասին արդարադատության նախարարությունից։

Հացպանյանը դատապարտվել է 3,6 տարվա ազատազրկման «Հայկական ժամանակ» օրաթեթում տված մի հարցազրույցի համար, որտեղ ասում է թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է կազմակերպվում։ Այն տպագրվել է 2008-ի նոյեմբերի 4-ին «Մահափորձ Սերժ Սարգսյանի դե՞մ»վերնագրով:

2009-ի ապրիլի 9-ին Երևանի Կետրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր ճանաչեց սուտ մատնություն անելու մեջ( ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ): Վերաքննիչը նույնը թողեց պատիժը։

Համաներումը տարածվում է մինչև երեք տարի դատապարտվածների և 3-ից մինչև 5 տարի ոչ ծանր հանցագործություն կատարած այն դատապարտվածների վրա, ովքեր մասնակցել են ղարաբաղյան պատերազմին։ Բազմաթիվ վկայություններ կան, որ Հացպանյանը մասնակցել է պատերազմին։

ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցը ՀՀ արդարադատության նախարարին ուղղարկված վկայության մեջ գրում է. «Ես, որպես արցախյան շարժման Մարտակերտի թևի կազմակերպիչներից մեկը, վկայում եմ առ այն, որ ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը 1991 թ-ից ի վեր մասնկացել է Արցախի ազատագրական պայքարին: Նա բազմիցս վտանգելով կյանքը՝ զենքի, զինամթերքի և զինվորական հանդերձանքի տարբեր խմբաքանակներ է տեղափոխել Արցախ՝ հատկապես Մարտակերտի շրջանի կամավորական ջոկատներին զինելու համար: Ս.Հացպանյանը մասնակցել է Մարտակերտի շրջանի Մարաղայի և Ազդաբանի ազատագրական մարտերին»։

Ասուլիսին եկել էին մարդիկ ովքեր վկայում են, որ Հացպանյանը մասնակցել է պատերազմին, նրանց մեջ պատերազմի վավերագիր, լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը, պատերազմի մասնակիցներ նկարիչ Մարտիրոս Բադալյանը, Գարեգին Գինոսյանը։

Սակայն Արդարադատության նախարարությունը այս պահին դրանք բավարար չի համարում և համաներումը տարածելու համար անհրաժեշտ է համարում  Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության նախարարություններից պաշտոնական տեղեկանքի։

Հացպանյանի պաշտպանությունը իրականացնող «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» և իրավապաշտպանները չեն կարողանում ոչ ԼՂՀ ՊՆ-ից և ոչ ՀՀ ՊՆ-ից ձեռք բերել տեղեկանք, որ Սարգիս Հացպանյանը մասնակցել է Ղարաբաղյան ազատամարտին: Պատճառն այն է, որ Հացպանյանը հաշվառված չի նախարությունների արխիվներում և նրանք հիմք չունեն տեղեկանք տալու համար։

«Պատճառը իմ համոզմամբ այն չէ, որ կա, չէին ուզում տալ,-ասաց Իշխանյանը,- Համոզված եմ, որ արխիվներում  նրա անունը չկա, դա կամ անփությության հետևանք է, կամ շատ այլ հարցերի հետևանք է: Կան բազմաթիվ  ազատամարտիկներ, որոնք հաշվառված չեն:»

Նա ասաց, որ մի խոսքի համար 3.5 տարի դատապարտելը  «ինչ-որ իմաստով վրեժխնդրություն է հուշում»:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավաբան, Հացպանյանի դատապաշտպան Ռոբերտ Ռեվազյանն ասում է, որ Հացպանյանի հարցազրույցը հանցակազմ չի պարունակում,   քանի որ նա իր խոսքը ԶԼՄ-ի է ասել։ Եթե նա դա ասեր պետական մարմիններին ապա  «սուտ մատնություն» հանցակազմը կարելի կլիներ կիրառել:

«Սարգիս Հացպանյանին ինչ-որ մեկը ուզում է պատժած լինի, ինչ-որ մեկը ամենաբարձր մակարդակի հաշվեհարդար է իրականացնում »,– ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Հացպանյանի պաշտպանները Վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկել են և գործը Վճռաբեկ դատարանում է: Գործին կցված բոլոր վկայությունները համաներման համար ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարությանը:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply