ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի առթիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 23, 2010 16:15

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի առթիվ:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության հռչակագրի ընդունման 20-րդ տարեդարձի կապակցությամբ։

1990 թվականի օգոստոսի 23-ը մեր նորագույն պատմության առանցքային եւ ուղենշային դրվագներից է։ Այն խորհրդանշում է Հայաստանի ժողովրդի եւ ողջ հայության իղձերի իրականացման սկիզբը եւ մարմնավորում անկախ պետականության մեր դարավոր ձգտումը։

Անցած երկու տասնամյակները հստակորեն ցույց տվեցին, որ հռչակագիրը տեղին էր ու ժամանակին, որ նրանում ամրագրված նպատակներն ու գաղափարները կենսունակ էին, եւ հայության բոլոր հատվածների ջանքերով շարունակում են հետեւողականորեն կյանքի կոչվել։

Մեր հռչակած ուղեգիծն իրականություն դարձնելը դյուրին չէր, բայց հավատարիմ մնացինք մեր սկզբունքներին եւ դավանած արժեքներին։ Փորձությունները չշեղեցին մեզ քաղաքական ազատության եւ սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու մեր ճանապարհից։

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք եւ ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր երկրի եւ հանուն ապագա սերունդների, որոնք պետք է վայելեն Անկախության հռչակագրի սերմանած պտուղները»։

Դիտվել է 1594 անգամ:
Print Friendly

Leave a Reply