«Անթալիայում հանգստացող հայերը զինում են թուրքական բանակը»

Օրվա լուր | | July 9, 2009 14:17

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին` Անթալյան գովազդող պաստառները հանելու պահանջով:

«Անընդունելի և դատապարտելի է, որ Թուրքիայի վարած դարավոր և ներկա թշնամական քաղաքականությունից, հիմա նաև բացահայտ ԼՂՀ հիմնախնդրում նրա հստակ ադրբեջանամետ դիրքորոշումներով հանդես գալու հանգամանքներից հետո, մենք դեռ շարունակում ենք Թուրքիայի տեսարժան վայրերում մեր համաքաղաքացիներին իրենց հանգիստը անցկացնելու առաջարկներ անել: Դրա փոխարեն Թուրքիայի ամբողջ տարածքում դուք հայկականը գովազդող տառ ու մասնիկ չեք գտնի ու այդ ամենին գումարած նրանք դեռ անողոքաբար շարունակում են մեր մշակութային արժեքների պղծման և վերացման քաղաքականությունը»,- ասված է նամակում:

Այս հարցը բարձրացվել էր նաև Երևանի ավագանու ընտրությունների օրը` մայիսի 31-ին, ինչին Բեգլարյանը պատասխանել էր,որ ինքը տեղյակ չէ նման պաստառների գոյության մասին:

Ուսանողական միության նախաձեռնությամբ քաղաքում նաև պաստառներ են փակցվել, որոնցում նշված է. «Անթալիայում հանգստացող հայերը զինում են թուրքական բանակը»:

«Նիկոլ Աղբալյան»-ի վարչության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանն ասում է, որ իրենք ոչ թե բոյկոտում են տուրիստական գործակալությունների աշխատանքը, այլ հենց Թուրքիայում հանգիստը գովազդելը:

«Թուրքիան բացահայտ թշնամական վերաբերմունք ունի մեր հանդեպ, և, մեր կարծիքով, մինչ օրս մշակութային եղեռն իրականացնող պետությունում հանգիստ գովազդելը պարզապես սխալ է»,- ասում է նա:

Դիտվել է 1900 անգամ:
Print Friendly

Leave a Reply