Երեւանում կանցկացվի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության երկրորդ փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 21, 2010 18:50

Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ Երեւանում հոկտեմբերին կանցկացվի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության երկրորդ փառատոնը: Վերջինիս կարող են մասնակցել առանց տարիքային սահմանափակման բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել. ցանկալի է, որ դրանք լինեն պատմողի տարածաշրջանի կամ նախնիների ծննդավայրի հեքիաթները, որոնք ներկայացվելու են բացառապես բարբառներով: Նախապատվությունը կտրվի ավանդական-ժողովրդական հեքիաթին: Պատմվելիք հեքիաթի տեւողությունը մինչեւ յոթ րոպե է:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, փառատոնի նպատակը հեքիաթասացությունը վերականգնելն է` իբրեւ բանահյուսական նյութի մատուցման կարեւորագույն միջոց: «Անհրաժեշտ է մոռացությունից փրկել հայոց բարբառները, հատկապես այն, որոնք այսօր չունեն աշխարհագրական կենսունակ հայրենք, մասնավորապես` Արեւմտյան Հայաստանի եւ Նախիջեւանի բարբառները:

Նարինե Թուխիկյանի խոսքով` փառատոնի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հեքիաթի ձայնագրությունները, իսկ արդեն երկրորդ փուլ անցած լավագույն տասնյակի մեջ մտած մասնակիցների հեքիաթասացության հիման վրա համապատասխան մարզում, գյուղում, բնակավայրում կնկարահանվի փոքրիկ ֆիլմ-հոլովակ հեքիաթի մոտիվներով եւ հեքիաթասացի մասնակցությամբ:

«Քանի որ փառատոնը հեքիաթին է վերաբերում, ուրեմն դրամական մրցանակները եւս պետք է լինեն հեքիաթային: Օրինակ` առաջին դրամական մրցանակը կկոչվի Թագավորի փոքր տղայի (կամ աղջկա), երկրորդ տեղ զբաղեցրածը կստանա Թագավորի միջնեկ տղայի (աղջկա մրցանակ), երրորդ տեղում հայտնվածը` Թագավորի մեծ տղայի (աղջկա) մրցանակ»,- նշեց Նարինե Թուխիկյանը: Նրա խոսքով` թագավորի փոքր տղայի մրցանակը կկազմի 1քսակ ոսկի` 100 հազ.դրամ, միջնեկ տղայինը` 1 քսակ արծաթ` 90 հազ., եւ մեծ տղայի մրցանակը` 1քսակ մարգարտահատիկ` 80 հազ. դրամ:

Դիտվել է 1637 անգամ:
Print Friendly

Leave a Reply