Ոռոգումը` Արագածոտնի գյուղատնտեսության զարգացման կարեւորագույն խթան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2010 16:06

2010թ-ին կարկտահարությունները եւ տեւական անձրեւները մեծ վնաս են հասցրել Արագածոտնի մարզի գյուղատնտեսությանը: Մայիսի 4-21-ն ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից տուժել է մարզի 18 համայնք` 2011 հա ընդհանուր տարածքով: Վնասը կազմել է 1 մլրդ 935 մլն դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրի Ազատյանը, կրած վնասը մեղմելու համար, ի թիվս այլ միջոցառումների, կարեւորություն է տրվում ոռոգման գործընթացի բավարար իրականացմանը: Մարզի 13 համայնքում «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամի կողմից կատարվելու են 567.472 մլն դրամի ոռոգման ներքին ցանցերի կառուցման եւ նորոգման աշխատանքներ: Իրականացվում են նաեւ բարեկարգման այլ ծրագրեր: Ոռոգման ջրի մատակարարումը եւ դրա դիմաց վարձավճարների գանձումները ապահովում են մարզում գործող ջրօգտագործողների յոթ ընկերությունները:

Օգոստոսի 10-ի դրությամբ, օգտագործված ջրի հասույթը, ընդհանուր առմամբ, կազմել է 355.882 մլն դրամ, որից հավաքագրվել է 183.043 մլն դրամը, կամ` 51.4 տոկոսը: Ըստ նույն վիճակագրության` առավելագույն արդյունքը Ապարան-Արագած ՋՕԸ-ինն է` 79.4 տոկոս, նվազագույնը` Շամիրամ ՋՕԸ-ինը` 45.2 տոկոս:

Վարձավճարների հավաքագրումը շարունակվում է, եւ ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են, որ տարեվերջին այն կհասցվի հնարավորինս առավելագույնի: Այդ միտումն ունեն նաեւ մարզպետարանում համայնքապետերի եւ ՋՕԸ-երի ղեկավարների հետ պարբերաբար անցկացվող խորհրդակցություններն ու քննարկումները: Ինչ վերաբերում է ոռոգման ջրի քանակին, ապա այն լիովին բավարարում է մարզում առկա պահանջարկը: Նշենք, որ Արագածոտնի մարզում գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 168 հազ. 172 հեկտար, որից վարելահողերը` 52 հազ. 599.1 հա:

Այս տարվա առաջին կիսամյակում մարզում կատարվել է 32 հազ. 167 հեկտարի ցանք: Ավելացել են բանջարանոցային եւ բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply