Գ. Հարությունյան. «ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի երկարաձգումը բխում է Հայաստանի ազգային շահերից»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 20, 2010 16:00

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի երկարաձգումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այսօր կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա` ռազմակայանի պահպանումը Հայաստանում պայմանավորված է Թուրքիայի նման հարեւան ունենալու հանգամանքով, որը, ըստ էության, վտանգ է հանդիսանում երկրի անվտանգության համար:

«Երբ 1992թ. Թուրքիան կենտրոնացրեց իր զորքերը Հայաստանի սահմանների մոտ, ռուս մարշալ Շապոշնիկովը հայտարարություն արեց, որ Թուրքիայի ոտնձգությունը Հայաստանի նկատմամբ կարող է երրորդ համաշխարհային պատերազմի համար հիմք հանդիսանալ»,- հիշեցրեց Գ. Հարությունյանը:

Նրա խոսքով` այն մտահոգությունները, թե երկարաձգելով ռազմակայանի մասին պայմանագիրը` Հայաստանը զիջում է իր ինքնիշխանությունը, հիմնավորված չեն: Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորին փոլիս» ամսագրի` ինքնիշխանության ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում առաջնային դիրք է գրավում, եւ, ըստ Գ.Հարությունյանի, ռազմակայանի խնդիրը որեւէ կերպ չի անդրադառնա նրա ինքնիշխանության վրա:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական բաղկացուցչին` Գ. Հարությունյանը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ արտաքին ներդրողն է եւ ատոմային էներգետիկայի հետ կապված նրա առաջարկությունները ամենաարդյունավետն էին:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply