Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Պաշտոնական, Օրվա լուր | | August 19, 2010 20:55

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Սլավա Ասրյանը: Անդրադառնալով 2011 թվականի բերքի տակ հացահատիկային մշակաբույսերի աշնանացանի աշխատանքներին, երկրի ղեկավարը հանրապետության կառավարությանը հանձնարարել է այն իրականացնել ժամանակին ու պատշաճ որակով, լուրջ ուշադրություն դարձնել վարկային եւ այլ միջոցների հատկացմանը եւ պարբերաբար զեկուցել կատարվող աշխատանքների ընթացքի մասին: Բակո Սահակյանը նաեւ հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրել բնական աղետների հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ հիմնավորված առաջարկներ ներկայացնել` հողօգտագործողների կողմից վարկերի, հողի հարկերի ու վարձավճարների, ոռոգման դիմաց վճարների եւ այլ պարտավորությունների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ:

Խոսելով կրթության համակարգում առկա հիմնախնդիրների մասին` նախագահ Բ.Սահակյանը անդրադարձել է նաեւ Ստեփանակերտում 1-4-րդ դասարանների աշակերտներին դպրոցական համազգեստների հատկացման հարցին: Կրթության եւ գիտության նախարարությանը հանձնարարվել է դադարեցնել աշակերտներին դպրոցական համազգեստներ հատկացնելու գործընթացը` հաշվի առնելով հարցը համակողմանիորեն լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Դիտվել է 2247 անգամ:
Print Friendly

Leave a Reply