Փոփոխություններ` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 19, 2010 20:50

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը փոփոխված տարբերակով ուժի մեջ է մտել 2010 թ-ի օգոստոսի 7-ից: Դրանում տեղ են գտել մի շարք սկզբունքային փոփոխություններ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը, արդեն կիրառվում է աշխատանքային հարաբերությունների ծագման երկու հիմնական ձեւ` գրավոր աշխատանքային պայմանագիր եւ գործատուի ու աշխատողի համաձայնությամբ անհատական իրավական ակտ:

Վերջինս գործատուի կողմից ընդունված ակտ է, եւ դրանով ցանկացած պարագայում աշխատողը կարող է իր իրավունքները պաշտպանել: Բանավոր աշխատանքային պայմանագիր գոյություն չունի. դա ներառված է եղել օրենսգրքի փոփոխման նախագծում, սակայն չի ընդունվել: Թ. Ավետիսյանի խոսքով, մյուս սկզբունքային փոփոխությունը վերաբերում է աշխատանքային պայմանագրի ժամկետներին:

«Նախկինում որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի համար կար հինգ տարի առավելագույն ժամկետ, բայց իրավակիրառական պրակտիկան եւ միջազգային փորձը ցույց են տալիս, որ նման սահմանափման անհրաժեշտություն չկա, եւ դա ուղղակի խոչընդոտում է աշխատանքային հարաբերությունները, ուստի այդ հինգ տարով սահմանափակումը հանվել է, եւ այսօր որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերը կարող են կնքվել մինչեւ որոշակի օրացուցային օր կամ տարի, որոշակի իրադարձության կամ գործողության ավարտ»,- նշեց բանախոսը: Ըստ նրա` սրա հիմքում նաեւ միջազգային պրակտիկան է եւ միջազգային կարգավորման չափանիշները:

Հաջորդ փոփոխությունը ծանուցման ժամկետներին է վերաբերում, այսինքն` աշխատանքի էական պայմանների փոփոխության եւ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում ծանուցման ժամկետների հիմքում այլեւս դրված է աշխատողի աշխատանքային ստաժը տվյալ գործատուի մոտ: Թ. Ավետիսյանի խոսքով, մյուս փոփոխությունը կապված է արտաժամյա եւ գիշերային աշխատանքի կազմակերպման սկզբունքների հետ: Ներկայումս արտաժամյա աշխատանքը սահմանվում է միայն գործատուի նախաձեռնությամբ:

«Արտաժամյա աշխատանքի պարագայում պետք է տրվի հավելյան աշխատավարձ. ներկայումս հավելման նվազագույն չափ է սահմանված 50 տոկոսը: Տարվա համար արտաժամյա աշխատանքի համար առավելագույնը սահմանված է 180 ժամը: Դրանից ավելի գործատուն չի կարող աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքում, իսկ նման պարագայում պարտավոր է վճարել»,- շեշտեց Թ. Ավետիսյանը:

Ըստ նրա` նոր աշխատանքային օրենսգրքով գործատուն աշխատողների համար պարտավոր է սահմանել հնգօրյա աշխատանքային ռեժիմ, բացառությամբ` հանրակրթության ոլորտը: Աշխատողը վեցերորդ օրը աշխատելու պարագայում պետք է վճարվի կրկնակի եւ հավելում` 30 տոկոսով: Այս դրույթները չկիրառելու պարագայում գործատուն խիստ պատասխանատվության կենթարկվի: Թ. Ավետիսյանի խոսքով, նախատեսվում է ամենամյա արձակուրդի տեղափոխման համար սահմանափակում, որը նախկինում չկար:

«Այսօր գործող պրակտիկայում կան աշխատողներ, որոնք ունեն մինչեւ 10 տարվա չօգտագործված արձակուրդի որոշակի օրեր, եւ դրանից խուսափելու համար օրեսդրությամբ սահմանվել է 18 ամսվա շեմ, որի պարագայում այդ իրավունքը պետք է իրացված լինի:

Օրինակ` աշխատողը իր 2009թ-ի արձակուրդը պետք է իրացնի մինչեւ 2011 թ-ի հունիս»,- ընդգծեց Թ. Ավետիսյանը: Նրա խոսքով, գործատուի մեղքով ժամկետների խախտումով վճարված աշխատավարձի դեպքում գործատուի համար նախատեսվում է տուգանք` հօգուտ աշխատողի: «Սա աշխատավարձերի ուշացումը կանխարգելելու նպատակ է հետապնդում, նաեւ` ենթադրվող վնասների փոխհատուցում»,- ասաց Թ. Ավետիսյանը:

Դիտվել է 10139 անգամ:
Print Friendly

Leave a Reply