Մոսկվան ձգտում է հնարավորինս արագ հասնել ԼՂ խնդրի կարգավորմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 19, 2010 14:45
Այն, ինչ անում է Ռուսաստանը` որպես առանձին երկիր ԼՂ խնդրի կարգավորման հարցում, անքակտելի է այն քայլերից, որն այդ երկիրը ձեռնարկում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ խնդրին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Վերջին մեկուկես, երկու տարվա ընթացքում նախագահ Մեդվեդևն անձամբ հատուկ ուշադրություն է հատկացրել փոխզիջումային լուծումներ գտնելու խնդրին: Նա 6 հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Նախագահ Մեդվեդևի, Ռուսաստանի այս ջանքերը, ինչպիսիք կշարունակենք նախաձեռնել, վայելում են Մինսկի խմբի մյուս համանախագահների հավանությունը: Ե’վ ամերիկացիները, և’ ֆրանսիացիները բազմիցս իրենց համաձայնությունն են արտահայտել մեր ներկայացրած գաղափարներին: Յուրաքանչյուր դեպքում այդ գաղափարները մենք քննարկել և համաձայնեցրել ենք համանախագահների հետ, այդպես էր նաև Սանկտ-Պետերբուրգում վերջին հանդիպման ժամանակ, երբ հունիսին` Միջազգային տնտեսական համաժողովին զուգընթաց, կայացավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը»,- ասել է Լավրովը, հավելելով, որ բանակցությունների ընթացքում ընդունված ցանկացած փաստաթղթում ընդգծվում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով հաղթահարելու անհրաժեշտությունը, որը ե’ւ ռուսական կողմի, ե’ւ համանախագահողների, և’ ԵԱՀԿ-ի, և’ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տեսակետն է:
«Հակամարտության խաղաղ կարգավորումը, ուժային որևէ միջադեպի անթույլատրելիությունը մեր բոլոր ջանքերի գլխավոր առաջնահերթությունն է: Իհարկե բոլորս կցանկանայինք, որ այդ քաղաքական գործընթացն ավարտվեր հնարավորինս արագ, առավել ևս որ նրա շրջանակում բավականին գործ է արվել: Սակայն ինչպես միշտ ստիպված ենք պայմանավորվածություններ փնտրել, որոնք, կրկնում եմ, ընդունելի կլինեն հակամարտող բոլոր կողմերի համար, այլապես կարգավորումը չի գործի»,- նշել է նա:
Այնուհետև անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հռետորությանը, Լավրոն ասել է. «Ես հակված չեմ չափազանցնել պարբերաբար հնչող հռետորության նշանակությունը, հիմնականում, ինչպես և մի շարք այլ դեպքերում, այն պայմանավորված է այս կամ այն երկրում, որտեղից այն հնչում է, ներքաղաքական իրադրությամբ: Բայց, իհարկե, այն գործին չի օգնում:
Մեր խնդիրն է հստակ կատարել այն հանձնարարությունները, որոնք Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ, ուղղել են արտգործնախարարներին, երեք երկրների հատուկ ներկայացուցիչներին: Այդ հանձնարարությունները հանգում են կողմերի միջև համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում գտնելուն, որոնք, ըստ էության, արտացոլում են ԵԱՀԿ հիմնական սկզբունքները: Իրադրությունն, ինչպես ասում են, դյուրիններից չէ, այն բարդանում է բավականին շատ արտաքին գործոններով: Սակայն մենք հավատարիմ ենք ջանքերը շարունակելու սկզբունքին և, կարծում եմ, կարող ենք հաջողության հասնել»:






Facebook
Tweet This
Email This Post
