Կնոջ հետ Երևան է ժամանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 19, 2010 14:38
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով կնոջ հետ Երևան կժամանի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ռուսական կողմից պատվիրակությունը կներկայացնեն քաղաքական գործիչներ, տարածաշրջանների ղեկավարներ, ինչպես նաև խոշոր գործարարներ։
Նրա այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը 49 տարով երկարաձգելու մասին արձանագրության ստորագրումը։
Հայաստանում Դմիտրի Մեդվեդևը կայցելի նաև Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ կդնի հուշակոթողին։ Նախատեսվում է, որ Մեդվեդևը կմասնակցի «Պատվո բլուր» զինվորական գերեզմանի հանդիսավոր բացման արարողությանը, ուր ամփոփված են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներին մասնակցած ռուս սպաների մարմինները։
Նշենք, որ բարձրաստիճան հյուրերի այցի կապակցությամբ Երևանում անվտանգության ապահովման աննախադեպ միջոցներ են ձեռք առնվել։
Օգոստոսի 20-22-ը Հայաստանում տեղի կունենա ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը։ Կառույցի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արդեն իսկ Երևանում է։
Կազմակերպության անդամ երկրներ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Գագաթաժողովին չի մասնակցի միայն Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը։






Facebook
Tweet This
Email This Post
