Ինչո՞ւ հայերը գնան Աղթամար և թուրքական քարոզչության գործիք դառնան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 18, 2010 15:25

Հայոց ցեղասպանությունից ի վեր՝ հայկական եկեղեցական արարողություններն արգելելուց շուրջ մեկ դար անց, թուրքական կառավարությունը վերջապես որոշել է թույլատրել մեկ անգամ պատարագ մատուցել Աղթամար կղզում գտնվող X դարի Սուրբ Խաչ եկեղեցում:

Հարց է առաջացել սեպտեմբերի 19-ի եկեղեցական արարողությանը մասնակցելու շրջահայեցության մասին, որին թուրքական կառավարությունը հրավիրել է աշխարհի չորս կողմից հայերի, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, օտարերկրյա դեսպանների և բարձրաստիճան հյուրերի:

Նրանք, ովքեր բոյկոտելու կոչեր են անում, մատնանշում են, որ թուրքական իշխանությունների իրական նպատակը Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից քարոզչական միավորներ շահելն է` կեղծ հանդուրժողականություն դրսևորելով քրիստոնյաների և փոքրամասնությունների հանդեպ: Իրականում, իրար հաջորդող թուրքական կառավարությունները, ավելի քան ինը տասնամյակ Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում հայերի ներկայության մասին վկայող բոլոր հետքերը վերացնելու հետևողական քաղաքականություն են վարել, և այդ ընթացքում ավելի քան 2000 հայկական եկեղեցիներ ու վանքեր են ոչնչացվել կամ օգտագործվել ոչ կրոնական նպատակներով: Տարիներ առաջ, Սուրբ Խաչ եկեղեցին ևս ոչնչացման վտանգի առաջ էր կանգնած, սակայն տեղի թուրք պաշտոնյաների միջամտության շնորհիվ այն հաջողվեց փրկել:

Աղթամար կղզի մեկնելուն դեմ արտահայտվողները նաև առարկում են պատմական եկեղեցին Թուրքիայի կառավարության կողմից որպես «թանգարան» դասակարգելու և այնտեղ տարին միայն մեկ անգամ արարողություն մատուցելու դեմ: Բազմաթիվ խնդրանքներից ու բողոքներից հետո, թուրքական իշխանությունները վերջապես խոստացել են խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին:

Հայերը չպետք է երախտապարտ լինեն մի երկրի, որը հազարավոր եկեղեցիներ բռնագրավելուց և ավերելուց հետո, այժմ թույլատրում է եկեղեցական արարողություն իրականացնել մեկ եկեղեցում, որն էլ դիտվում է որպես թանգարան: Այս և հազարավոր այլ եկեղեցիներ պետք է պատկանեն Պոլսո Հայոց պատրիարքարանին, իսկ արարողություններն այնտեղ պետք է իրականացվեն ըստ պահանջի` առանց կառավարության թույլտվության կամ միջամտության:

Անցյալ շաբաթ Հայաստանում կրքերը բորբոքվեցին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարեց սեպտեմբերի 19-ի արարողությանը երկու բարձրաստիճան եկեղեցականներ ուղարկելու իր մտադրության մասին: Սովորաբար Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը օտար երկրներին առնչվող որոշումներ կայացնելիս խորհրդակցում է Հայաստանի իշխանությունների հետ: Հաշվի առնելով, որ այս հայտարարությունն արվել է Հայաստանից նրա բացակայության ժամանակ, և միգուցե նա իրազեկված չէր ծագած առարկություններին, ապա Վեհափառ Հայրապետն այժմ հնարավորություն ունի վերջնական որոշում կայացնել` Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներին Աղթամար կղզի ուղարկելու վերաբերյալ: Քանի որ Թուրքիայի հայերն իրավունք չունեն իրենց կարծիքն ազատ արտահայտել, ապա Թուրքիայի սահմաններից դուրս կրոնական և աշխարհիկ ղեկավարները պետք է հանդես գան հայկական եկեղեցական արարողությունների թուրքական շահարկումը դատապարտող նախաձեռնությամբ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սբ. Խաչ եկեղեցու արարողությանը մասնակցելու համար պատվիրակություն ուղարկելու պաշտոնական հրավեր Անկարայից չի ստացել: Հուսանք, որ Հայաստանի կառավարությունը նման հրավեր ստանալու դեպքում այն կմերժի: Անցյալ տարի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Երևանը թուրքերին քարոզչական հաղթանակ մատուցել էր: Աղթամարի եկեղեցու արարողությանը մասնակցելը համարժեք կլինի թուրքերին երկրորդ անգամ պարգևատրելուն:

Սակայն հատկանշական է, որ այս անգամ Հայաստանի կառավարությունն այնքան էլ զիջողական չի լինելու: Նախագահ Սերժ Սարգսյանի իշխող Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը խստորեն քննադատել է նախատեսված արարողությունը, այն անվանելով «հրապարակային խեղկատակություն» և միջազգային հանրությանը մոլորության մեջ գցող «սադրանք»:

Բացի այդ, Նախագահի կողմից կազմավորված խորհրդակցական մարմնի` Հանրային խորհրդի մի ենթահանձնաժողով ընդունել է հայտարարություն, որով հորդորում է հայերին բոյկոտել Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու միջոցառումը: Այն կոչ է անում իրենց արժանապատվությունը հարգող բոլոր հայերին ձեռնպահ մնալ «թուրքական էժանագին շոուին» մասնակից լինելուց: Ընդդիմադիր Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ևս հորդորում է արարողության բոյկոտումը և քննադատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` Աղթամար երկու եկեղեցականներ ուղարկելու մտադրության համար:

Թուրքական կողմն ամենևին էլ շահագրգռված չէ հայկական եկեղեցիների պահպանությամբ. դա են վկայում գաղտնի ծառայությունների կողմից մի քանի հազար ընտանիքների հարցաքննությունը, որոնք` հյուրանոցային համարների սղության պատճառով առաջարկել էին հարևան Վան քաղաքում, սեպտեմբերի 19-ին հայ այցելուներին հյուրընկալել իրենց տներում: Թուրք պաշտոնյաները կասկածում են, որ հյուրընկալող ընտանիքները կարող են Հայոց ցեղասպանության զոհերի թրքացած կամ քրդացած մնացորդներ լինել: Նացիստական Գերմանիայի գեստապոյի մարտավարությունը հիշեցնող իր այս սարսափազդու քայլով, թուրքական վարչակազմը ցուցադրում է իր քաղաքացիների ազգային ծագումը հետապնդելու իր համակվածությունը: Ի դեպ, այս ռասիստական հետաքննությունից հետո, Վանում մի շարք ընտանիքների պաշտոնապես արգելվել է իրենց տներում հյուրընկալել սփյուռքահայերին:

Հայերը, որոնք միամտաբար մտադրվել են եկեղեցական արարողության մասնակցել «թանգարանում», անգիտակցաբար մասնակից են դառնալու պատմական հայկական եկեղեցու բռնագրավման օրինականացմանը և նպաստելու են թուրքական իշխանությունների բեմադրած քաղաքական շոուին:

Միանգամայն հասկանալի է, որ թուրք ղեկավարները ցանկանում են դրական կերպար ստեղծելով հեշտացնել իրենց երկրի մուտքը Եվրամիություն և խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված հայկական ջանքերը: Սակայն ամենևին հասկանալի չէ, թե հայերն ինչո՞ւ պետք է նպաստեն թուրքերի հակահայկական նպատակների իրականացմանը:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

Դիտվել է 1730 անգամ:
Print Friendly

Leave a Reply