Էդվարդ Նալբանդյան. Հայկական կողմը պատրաստ է բանակցությունների հիմք ընդունել մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 18, 2010 15:00
Հայ-ռուսական հարաբերությունները օրինակելի են, արդյունավետ ու հաջողակ հետխորհրդային տարածաշրջանում: Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով հայ-ռուսական բարեկամական կապերին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Երբ ասում ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերների հարաբերություններ են, դրանք հենց այնպես, ուղղակի ասված խոսքեր չեն: Ռազմավարական ու դաշնակցային գործընկերությունը չի կարող ամուր լինել, եթե ժողովուրդների միջեւ չկան խորը կապեր: Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների բարեկամությունն անցել է տարիների փորձությունների միջով: Պատմության ընթացքում մեր հայրերն ու պապերը մի անգամ չէ, որ միասին պայքարել են խաղաղության համար», -ասել է նա, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Երեւան կատարելիք (օգոստոսի 19-ին) այցի ընթացքում մեկնելու է Գյումրի եւ մասնակցելու է ռուս զինվորներին նվիրված «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Լրագրողի հարցին, թե ներկայումս ո՞ր մակարդակում է գտնվում ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացը, Էդվարդ Նալվանդյանը պատասխանել է, որ այս տարվա հունիսի 17-ին Սանկ-Պետերբուրգում կայացած Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպման ժամանակ հակամարտության կողմերին առաջարկվել է մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը, եւ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները այդ փաստաթղթի հիման վրա:
ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդ դերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: «Ռուսական կողմի բոլոր միջնորդական ջանքերը աջակցություն են ստացել մյուս միջնորդների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից», -ընդգծել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
