Տիգրանակերտում Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված հուշաքար է տեղադրվել

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 18, 2010 14:55

Արցախի Տիգրանակերտ քաղաքում Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված հուշաքար է տեղադրվել։  Նախաձեռնությունը «Սերունդ» հայապահպան միավորմանն էր, որին աջակցել է նաեւ Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։

Հուշաքարը տեղադրվել է 18-րդ դարում, պարսիկների  կողմից կառուցված Փանախ խանի ամրոցի առջեւ, որը ներկայումս օգտագործվում է որպես թանգարան։ «Սերունդ» հայապահպան միավորման ներկայացուցիչ, պատմաբան Արտակ Մովսիսյանը հավաստիացրեց, որ դա ժամանակավոր բնույթ ունի:

«Երբ Արցախի Տիրգրանակերտը  բավականին պեղված կլինի, այդ ժամանակ հուշաքարը կտեղափոխենք Տիգրանակերտի մուտքի մոտ»-ասաց նա։

Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն էլ ասաց, որ  արշավախումբը դեռ չի ավարտել քաղաքի պեղման աշխատանքները. այն նախատեսվում է ավարտել օգոստոսի վերջին։

«Այս տարվա մի քանի պեղումները ցույց տվեցին, որ Տիգրանակերտը շատ ավելի ընդարձակ քաղաք է, քան մենք ենթադրում ենք։ Հայտնաբերվել է անտիկ թաղամասը, որը 10 հա տարածություն ունի եւ առանձնանում է ամրացված թաղամասից։ Պեղվել է նաեւ Տիգրանակերտի անտիկ դամբարանադաշտերից մեկը՝ կարասային թաղումներով։ Հիմա ընթանում է այդ թաղումներից մեկի պեղումները»,-ասաց արշավախմբի ղեկավարը։

Նրա խոսքով, ներկայումս ուսումնասիրված է  քաղաքի միայն 4-5 տոկոսը:

«Վաղ է խոսել այն մասին, թե մենք լավ գիտենք Տիգրանակերտը։ Քաղաքի մասին լիարժեք պատկերացում ունենալու համար պետք է պեղվի քաղաքի 20 տոկոսը: Սա նշանակում է, որ առաջիկա 10 տարիները լինելու են Տիգրանակերտի հնագիտական ուսասումնասիրությունների ինտենսիվ շրջան»,-հավելեց Համլետ Պետրոսյանը։

Դիտվել է 2473 անգամ:
Print Friendly

Leave a Reply