Մարմաշեն եկեղեցին փլուզման եզրին է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 18, 2010 14:36

Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի հարեւանությամբ գտնվող 11-րդ դարի Մարմաշեն եկեղեցին վտանգի տակ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց եկեղեցու մոմավաճառ Սամվել Մաթեւոսյանը։

«Եկեղեցու շաղախները թափվում են, այն ամբողջությամբ խոնավության մեջ է։ Նույնիսկ ամռան այս շոգին, որ բավական երկար ժամանակ անձրեւ չի եկել, եկեղեցու պատերը թաց են, իսկ տանիքը՝ գմբեթի վերեւի մասն ամբողջությամբ, ջրի մեջ է։ Թե որտեղի՞ց է գմբեթի այդ ջուրը, ես չգիտեմ, ախր անձրեւ  էլ չի եկել»,-վրդովված նշեց Սամվել Մաթեւոսյանը։

Ըստ նրա, սակայն, եկեղեցին խոնավանում է այն ժամանակ, երբ հարեւանությամբ գտնվող այգիները ոռոգում են։

Մոմավաճառի հավաստմամբ, խնդիրը բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է,  սակայն դեռ ոչ մի լուծում չի տրվել։

«Մեր վանքն օդի մեջ է։ Նախկինում եղել է հնությունների պահպանության կոմիտեի վերահսկողության ներքո, սակայն արդեն 6-7-րդ տարին է հանել են  իրենց հաշվառումից եւ այն դեռեւս չի անցել Էջմիածնի վերահսկողությանը»,-նշեց նա՝ հավելելով. «Գարնան սկզբին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն էր այցելել, ցույց տվեցին, ներկայացրեցին խնդիրը, բայց սայլը տեղից դեռ չի շարժվում»:

Սամվել Մաթեւոսյանի խոսքով, անմխիթար է ոչ միայն եկեղեցու վիճակը, այլեւ հարեւան տարածքն ու դեպի եկեղեցին տանող ճանապարհը:

«Իկարուսները չեն կարողանում հասնել մինչեւ եկեղեցի, ճանապարհները շատ վատն են, աղտոտված, քարքարոտ, փոսերով լի, ասֆալտը քանդված է։  Խորհրդային միության փլուզումից հետո, մինչ օրս Վահրամաբերդ գյուղից մինչեւ եկեղեցի տանող ճանապարհը չի ասֆալտապատվել։ Մարդիկ ստիպված են հասնել Գյումրի, այնուհետեւ «Գազել»-ներ վարձել, որպեսզի հասնեն Մարմաշեն եկեղեցի»-ասաց մոմավաճառը։

Ի հավելումն, Սամվել Մաթեւոսյանը նշեց, որ աղտոտված է նաեւ եկեղեցու տարածքը,  քանի որ մոտակայքում տաղավարներ կան, որտեղ այցելուները խրախճանքներ են կազմակերպում, սակայն սովորության համաձայն, իրենցից հետո աղբը թողնում հեռանում են:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply