Աղետի գոտու բնակարանների բաշխման կարգը փոփոխվել է

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | August 17, 2010 15:08

Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացն իրականացվում, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանների հատկացման հանձնաժողովն աշխատում է ՀՀ կառավարության N 432, N 1337 և  N 1402 որոշումներով ու դրանցով սահմանված կանոնակարգերով: Ըստ որոնց բնակարան ստանալու իրենց իրավունքից  կարող են օգտվել միայն այն ընտանիքները, որոնք ունեն այդ որոշումներով պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթ:

Գյումրու Մուշ-2 թաղամասում 2009-2010 թթ. բնակարանային շինարարության ծրագրով կառուցված շենքերի բնակարանները բաշխելու նպատակով հանձնաժողովը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու հրավիրեց 2400 անօթևան ընտանիքների: Սակայն այդ թվից մի կերպ միայն կարելի եղավ ընտրել վերոհիշալ որոշումներով պահանջվող բոլոր փաստաթղթերը տնօրինող  1056 ընտանիքների: Որովհետև երկրաշարժից 22 տարի անց հարյուրավոր ընտանիքներ ունեին բացակա անդամներ, որոնց նույնիսկ գտնվելու վայրի մասին շատերը վաղուց տեղեկություն չունեին, կամ բացակա անդամներն արտերկրից տարաբնույթ պատճառներով չէին կարողանում պահանջվող լիազորագրերն ուղարկել: Այդ թվում կային ընտանիքներ, որոնց անդամների միջև առկա է բնակարանի պատկանելիության և այլ պատճառներով անհամաձայնություն, ուստի այդ պատճառներով ևս չեն կարողանում անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները ձևավորել և հանձնել հանձնաժողով:

Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացի, մեր կողմից իրականացվող հանրային մոնիտորինգի դեռևս մեկնարկին`2009 թ. դեկտեմբերին, անօթևանների շրջանում կատարած առաջին իսկ ուսումնասիրություններով պարզ դարձավ, որ պարզապես անհրաժեշտություն է կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ կատարելը: Մենք այդ հարցով մի շարք դիմում-առաջարկներ հղեցինք ՀՀ կառավարությանը: Մասնավորապես ընթացիկ տարվա փետրվարի 2-ին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին և քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին հղած դիմումով առաջարկեցինք վերանայել ՀՀ կառավարության N 432 որոշումը և ժամանակավոր կացարաններում փաստացի բնակվող այն անօթևան ընտանիքներին, ովքեր ունեն փաստաթղթերի համալրման խնդիրներ իրենց ընտանիքի անդամների Հայաստանից բացակայելու պատճառով, հնարավորություն ընձեռել օգտվելու իրենց բնակարան ստանալու իրավունքից` պայմանով, որ բնակարան ստացողը համապատասխան պարտավորագրով ստանձնի բացակայողների նկատմամբ բնակարանային պարտավորություններ նրանց վերադառնալու դեպքում:

ՀՀ կառավարությունը վերջապես օգոստոսի 5-ին կայացած իր նիստում փոփոխություններ կատարեց 1999 թ. հունիսի 10-ի N 432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337 –Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

N 1402-Ն որոշման մեջ: Կատարված փոփոխություններով հնարավորություն տրվեց անօթևան, բնակարանի հավակնորդ ընտանիքների ներկա անդամներին` ընտանիքի բացակա անդամի անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության մասին գրավոր հայտարարությամբ օգտվելու բնակարան ստանալու իրենց իրավունքից: Նույն որոշման համաձայն` փաստաթղթեր չներկայացրած անդամն այլևս ընտանիքի կազմում չի հաշվառվում, ավելին` բացակա անդամի բնակարանային ապահովման նկատմամբ պետական պարտավորությունները համարվում են կատարմամբ դադարեցված:

Անշուշտ, այդ փոփոխությունները, որոնք ևս  կարելի է համարել շոշափելի ձեռքբերում, ավելի քան հազար անօթևան այն ընտանիքներին, որոնք իրենց ընտանիքների անդամների փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով չկարողացան օգտվել բնակարանների բաշխման նախորդ փուլից, հնարավորություն կտան  մասնակցել բնակարանների բաշխման առաջիկա փուլին: Սակայն ընտանիքի բացակա անդամներին որպես շահառու չդիտարկելով` ընտանիքներից շատերը կկորցնեն բնակմակերես: Քանզի ՀՀ կառավարության N 432 որոշմամբ աղետի գոտու անօթևան ընտանիքի անդամներին հատկացվում է երկրաշարժին կորցրած բնակարանի սենյակների թվից պակաս սենյակներով բնակարան, եթե ընտանիքի անդամների թվաքանակը պակասել է, սակայն մյուս դեպքում, եթե անօթևանի ընտանիքի կազմը ավելացել է, սենյակների քանակը չի ավելացվում և տրվում է ճիշտ այնքան, որքան կորցրել են երկրաշարժին։ Այդ առումով ընդունված փոփոխությունները մի փոքր տարբերվում են մեր առաջարկած տարբերակից, որի տրամաբանությունն այն էր, որ ընտանիքի բացակա անդամները ևս դիտարկվեն որպես շահառու, ընտանիքին հատկացվի ճիշտ այնքան սենյակների թվով բնակարան, որքան նրանք կորցրել էին երկրաշարժին, պայմանով, որ բացակա անդամների վերադառնալու պարագայում վերջիններս իրավունք ունենան տնօրինել իրենց հասանելիք բնակմակերեսը: 

      Հ.Գ. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու, ՀՀ կառավարության 1999 թ.-ի հունիսի 10-ի N 432 և 2008 թ.-ի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշումներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» 2009 թ. նոյեմբերի 26-ի N 1402-Ն, 2010 թ.-ի օգոստոսի  5-ի N 968 – Ն որոշումները, ինչպես նաև  2009-2010 թթ. բնակարանների բաշխմանը վերաբերվող բազմաթիվ նյութեր տեղադրված են www.shirakcentre.org կայքում:

 «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply