Գառնիում զբոսաշրջության տեղեկատվական եւ մարկետինգային կենտրոն է ստեղծվում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 17, 2010 14:11

Մինչեւ 2010 թվականի ավարտը Գառնիում կգործարկվի զբոսաշրջության տեղեկատվական նոր կենտրոն: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Հիմնադրամի եւ Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետարանի միջեւ օրերս ստորագրված պայմանագրի համաձայն` Շահումյան 6 հասցեում գտնվող Գառնիի մշակույթի տան մեկ հատվածը 25 տարի ժամկետով փոխանցվել է հիմնադրամին` անհատույց օգտագործման նպատակով:

Տարածքում նախատեսվում է հիմնել զբոսաշրջության տեղեկատվական եւ մարկետինգային կենտրոն, որի շահագործումը կիրականացվի Գառնի-Գեղարդ երթուղու տարածքում գործող համապատասխան տեղական կազմակերպության միջոցով:

Արդեն մեկնարկել են վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են «Գեղարդի հովտի ագրոտուրիզմի զարգացում» հասարակական կազմակերպության ուժերով եւ վերահսկվում են մրցունակության հիմնադրամի կողմից: Կենտրոնի վերանորոգման եւ կահավորման համար մրցունակության հիմնադրամը հատկացրել է 7,000.000 դրամ: Գառնիի գյուղապետարանն իր կողմից նույնպես կաջակցի աշխատանքների իրագործմանը:

Նույն ՀԿ-ն տեղեկատվական կենտրոնի համար կհավաքագրի մայրենի եւ օտար լեզուների իմացությամբ որակյալ անձնակազմ, որը զբոսաշրջիկներին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն ճանապարհորդության տարբեր հարցերի եւ երթուղու զբոսաշրջավայրերի վերաբերյալ:

Նախատեսվում է նաեւ հայթայթել լրացուցիչ միջոցներ` շենքի շրջակայքը բարեկարգելու նպատակով: Կենտրոնը կկառուցվի եւ կգործարկվի շուրջ երեք ամսվա ընթացքում

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply