Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողով

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 13, 2010 21:48

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկեց Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է 2004 թվականից: Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները  խնդիր ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմանխնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:

Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի բացման խոսքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին:

“Սրտանց ողջունում եմ Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին: Կրթության բնագավառում արդեն ավանդական դարձած հանդիպումների այս ձևաչափը լավ հնարավորույթուններ է ընձեռում քննելու արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնելու կրթության  ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքը:

Մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի հայոց ոգին և հայոց լեզուն չկորսվեն օտարության մեջ` հայրենիքից հեռու: Այսօր հայության առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկը ուծացման միտումները նվազագույնի հասցնելն է: Ժամանակակից աշխարհի պայմաններում, երբ օտարումն ու առանձնացումն սկսում են գերիշխել քաղաքաբնակների կյանքում, վերադարձն արմատներին դառնում է այդ մարտահրավերին պատասխանե;ու հնարավոր միջոց: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ էթ մշակել նոր ծրագրեր նաև նրանց համար, ովքեր մղում  և ցանկություն ունեն վերագտնելու իրենց կորցրած հայկական արմատները, կապն իրենց նախնիների երկրի հետ:

Հայաստանը համայն հայության  հայրենիքն է: Հայապահպանությունը սփյուռքում բխում է  Հայաստանի Հանրապետության ազգային շահերից: Այն սոսկ սփյուռքի խնդիրը չէ. սա մենք հստակ գիտակցում ենք: Հայոց լեզուն և հայ ազգային ինքնագիտակցությունը մեր ժողովրդի հավերժության պարտադիր պայմաններն են:

Հարգելի բարեկամներ,

Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովին մաղթում եմ արգասաբեր աշխատանք, իսկ սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին` նոր ու վառ տպավորություններ հայրենիքից”:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ համաժողովը նպատակ ունի հավաքել Հայաստանի, Սփյուռքի, Արցախի, Ջավախքի կրթության և գիտության ոլորտի պատասխանատուներին և միասին քննարկել ապագա երկու տարիների համար նախատեսված խնդիրների լուծման տարբերակները: “Իմ ակնկալիքները համաժողովից մեծ են: Երեք օրվա աշխատանքի ընթացքում պետք է ծնվի նոր բանաձև, պետք է հստակեցնել հին ծրագրային ուղղությունները, լսել նոր առաջարկներ”,- ասաց Արմեն Աշոտյանը:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանը և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, Ամերիկայի արևմտյան ափի ազգային դպրոցների խնամակալական խորհրդի անդամ Ռուբինա Փիրումյանը:

Համաժողովն օգոստոսի 13-17-ն  իր աշխատանքները կշարունակի Ծաղկաձորում, որտեղ կքննարկվեն Սփյուռքի համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերը, հայագիտական առարկաների դասավանդման և դաստիարակության, տարրական կրթության, Հայաստանի դասագրքերով աշխատող հայկական կրթօջախներում կրթության և դաստիարակության հիմնահարցերը, ինչպես նաև կներկայացվեն  նոր, տպագիր և էլեկտրոնային  ուսումնական նյութեր:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply