Nestle, Coca-Cola, SNICKERS…այս սննդատեսակները կարող են մեծացնել ուռուցքների հավանականությունը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 8, 2009 19:30

«Սննդի անվտանգության մասին» ՀՀ օրենքով` ԳՁՕ(գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ) պարունակող սննդամթերքը պետք է մակնշվի: Իրավաբան Ամալյա Հովսեփյանն ասում է, որ մթերքների նմանօրինակ մակնշում Հայաստանում չի արվում:

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները ստանում են հետևյալ եղանակով. որևէ բույսի,կենդանու, միջատի, բակտերիայի և նույնիսկ մարդու գեները փոխադարձաբար հանվում և դրվում են բույսերի, ձկների և կաթնասունների քրոմոսոմների մեջ` արդյունքում ստանալով մի նոր գեն: Այդ գեները սննդատեսակներին հաղորդում են առանձնահատուկ համ ու հոտ` երկարացնելով պահպանման ժամկետերը:

Բժշկ. գիտ. թեկնածու Սեդա Սարգսյանն ասում է, որ ԳՁ մթերքները կարող են մեծացնել մարդկանց օրգանիզմներում ուռուցքների ռիսկը, իջացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու առաջացնել ալերգիա:

«Կանաչ ճանապարհ սերունդներին» հկ նախագահ, մոլեկուլյար կենսաբան Կարինե Մանուկյանն ասում է, որ 1996թ.-ից սկսած աշխարհում սկսեցին արտադրել ԳՁՕ և վաճառել:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասում է, որ Հայաստան ներմուծվող լոլիկի, ցորենի և կարտոֆիլի սերմնատեսակները պարունակում են ԳՁՕ-ներ: «Արևմտյան երկրներում օրենքն ասում է, որ եթե մթերքներում ԳՁՕ-ի պարունակությունը 0.9%-ից ավել է, ապա այն պետք է մակնշվի ապրանքի վրա»,- ասում է Պողոսյանը: 

Հայաստանում դեռևս նման օրենք չկա, և այժմ ընթացքի մեջ է միայն դրա նախագիծը:

ԳՁՕ-ն կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը 2003 թ. սեպտեմբերի 11-ին ուժի մեջ մտած Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան է:

Կոնվենցիան վավերացրած երկիրը պարտավոր է հետևել նրա սկզբունքներին և իրավական պատասխանատվություն կրել դրանք չպահպանելիս: Սակայն մթերքներում ԳՁՕ-ը հայտնաբերելու և հետազոտելու համար անհրաժեշտ են թանկարժեք լաբորատորիաներ, որոնք չկան Հայաստանում:

Մանուկյանն ասում է, որ այսօր ԳՁՕ համաշխարհային արտադրությունը կենտրոնացված Է ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Չիլիում, Կանադայում և Չինաստանում: «Green Peace»-ի տվյալներով` աշխարհում հայտնի մի շարք ընկերություններ իրենց արտադրանքի թողարկման ժամանակ օգտագործում են գենետիկորեն մոդիֆիկացված բաղկացուցիչներ (Nestle, Coca-Cola, Danon, Mars, Twix, և այլն): ԳՁՕ-ներ պարունակում են նաև չիպսերն ու արագ սնունդը (կարտոֆիլ ֆրի, համբուրգեր):

«ԳՁՕ է պարունակում նաև «HIPP» մանկական սնունդը»,-փաստում է Մանուկյանը:

2005թ. «Կանաչ ճանապարհ սերունդներին» հկ-ն անցկացրել է հարցում, ըստ որի` հարցվածների 98%-ը չգիտեն, թե ինչ է ԳՁՕ-ն: Նույնիսկ 6 հոգի ասել են, որ «դե նոր ա էլի, հաստատ լավ բան կլինի»:

Մանուկյանն ասում է , որ մարդկանց իրազեկվածությունը շատ կարևոր է, և անհրաժեշտ է, որ ԳՁՕ-ների ներմուծումն արգելող իրավական ակտեր գործեն մեր երկրում:

ԱՍՆ-ում արտադրվող մթերքների համարյա 60%-ը պարունակում է ԳՁՕ: Իսկ Սկանդինավյան ժողովուրդների սննդում դրանք համարյա բացակայում են: Մանվելյանն ասում է, որ ԱՄՆ-ում և Սկանդինավյան երկրներում անցկացրած համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ սննդային հիվանդությունների հաճախականությունն ԱՄՆ-ում 3-5 անգամ բարձր է:

Դիտվել է 2157 անգամ:
Print Friendly

Leave a Reply