ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նշում է Երիտասարդության միջազգային օրը.Տեսաֆիլմերի երիտասարդական փառատոնի հաղթողների հայտարարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 12, 2010 20:39

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կառավարության, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հետ համատեղ օգոստոսի 12-ին  նշեցին Երիտասարդության միջազգային օրը՝ հայտարարելով երիտասարդական տեսաֆիլմերի փառատոնի հաղթողներին:

Այս տարվա Երիտասարդության միջազգային օրվա հիշատակումով մեկնարկում է նաև Երիտասարդության միջազգային տարին` “Երկխոսություն և փոխըմբռնում” կարգախոսով:

 Եթե երիտասարդներն են փոփոխությունների գործակալները հասարակության մեջ, ապա կամավորությունը ամենադյուրին և առավել ընդգրկուն, համընդհանուր ճանապարհն է, որով քաղաքացիները կարող են նպաստել զարգացմանը:

 Տեսաֆիլմերի երիտասարդական փառատոնը մեծարում է հայ երիտասարդներին, ովքեր ներգրավված են կամավորական շարժման մեջ իրենց սեփական ոգեշնչմամբ: Կամավորությունը կարևորող կարճ տեսաֆիլմեր են ստեղծվել հայ անհատների և կազմակերպությունների կողմից: Բոլոր ֆիլմերը տեղադրված էին համացանցում հանրության կողմից լավագույնի ընտրության համար:

 Արա Մելիքջանյանի տեսաֆիլմը հանդիսատեսի կողմից ընտրվել է, որպես փառատոնի “անհատներ” կարգի հաղթող: “Կազմակերպություններ” կարգի համար հանդիսատեսը ընտրել է “Ագաթ” հասարակական կազմակերպության նկարահանած ֆիլմը:

 Արա Մելիքջանյանի ֆիլմը ընտրվել է ժյուրիի կողմից նույնպես, որի անդամներն էին Արտակ Ալեքսանյանը “Բանաձև” ընկերությունից, Նունե Սարգսյանը “Ինտերնյուս” -ից և Գոռ Բաղդասարյանը “Մանանա” ՀԿ-ից:

 Հաղթողները պարգևատրվել են ֆոտոխցիկով և բջջային հեռախոսով օժանդակելու նրանց հետագա ներգրավվածությունը  կամավորության մեջ:

 ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Երիտասարդության միջազգային օրվան նվիրված իր ուղերձում նշել է. “Այսօրվա  սոցիալական և տնտեսական միջավայրի մարտահրավերները հիմնավորում են երիտասարդության նկատմամբ ցուցաբերված հատուկ ուշադրությունը: Ես հաճախակի ոգեշնչվում  եմ այն երիտասարդների բարի կամքով, տաղանդով և իդեալիզմով, որոնց հանդիպում եմ ամբողջ աշխարհով մեկ: Նրանք են իրականացնում կարևոր ներդրումներ աղքատության հաղթահարման, հիվանդությունների տարածման ու կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ինչպես նաև Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու մեր գործում”:

 Պարգևատրության արարողությանը հետևեց ցուցահանդես, որտեղ կամավորության մեջ ակտիվ կազմակերպությունները ներկաների հետ կիսեցին իրենց փորձը:

 Փառատոնը և ցուցահանդեսը կազմակերպված էր “Երիտասարդական նախաձեռնության կենտրոն” տեղական հասարակական կազմակերպության կողմից և ֆինանսավորվել էր ՄԱԶԾ-ի Կամավորներ ծրագրի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի կողմից: Սպորտի ու Երիտասարդության հարցերի նախարարությունը և վերջինիս կից Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը` նույնպես օժանդակել են այս միջոցառմանը:

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply