Ճապոնիան Հայաստանին է նվիրում 28 հրշեջ մեքենաներ, որոնք արդեն Երեւանում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 11, 2010 22:17
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին է նվիրում 28 հրշեջ մեքենաներ, որոնք արդեն Հայաստանում են: Դրա վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ ստորագրվել է դեռեւս 2009-ի փետրվարի 10-ին:
Այդ մեքենաների ընդհանուր արժեքը 8 մլն դոլար է: Դրանցից 2-ը 30 մետր բարձրության ավտոսանդուղքներ են, 5-ը` 10 տոննա ջրատարողությամբ եւ 1000 լիտր փրփրահեղուկի տարողությամբ հրշեջ ավտոմեքենաներ: Վերջիններս նախատեսված են բարդ հրդեհների եւ ջրի պակասության պարագայում հրդեհաշիջում իրականացնելու համար (յուրաքանչյուրը հավասար է 5 սովետական «ԶԻԼ» մեքենայի):
Մեքենաներից 19-ը` 3500 լիտր տարողությամբ եւ 350 լիտր փրփրահեղուկի տարողությամբ հրշեջ ավտոմեքենաներ են: Կա նաեւ 1000 լիտր ջրատարողություն ունեցող արագ արձագանքման երկու հրշեջ ավտոմեքենա, որոնք նախատեսված են Կոնդի, Նորագյուղի եւ դժվարանցանելի փողոցներ ունեցող այլ թաղամասերի, ինչպես նաեւ խցանումների ժամանակ արագ տեղ հասնելու համար:
Մեքենաների հետ Հայաստան են եկել նաեւ ճապոնացի մասնագետները, որվքեր 135 հրշեջ-փրկարարների ուսուցանում են, թե ինչպես պետք է աշխատել նոր մեքենաներով, ինչ գործիքներ ու հնարավորություններ ունի այն:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը մարտական հաշվարկում ունի 147 հրշեջ մեքենա, որից Երեւանում` 36, մարզերում` 111:
28 նոր մեքենաներն ամբողջությամբ կծածկեն Երեւանը եւ հնարավորություն կտան հզորացնել մարզերի կարողությունները:






Facebook
Tweet This
Email This Post
