Ինչո՞ւ է թանկանում կաթնամթերքը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 11, 2010 22:12

Երեւանում այսօր 5-10 տոկոսով թանկացել է կաթնամթերքը՝ թթվասերը, կաթը, կաթնաշոռը, խտացրած կաթը եւ այլն։ Սա տոտալ թանկացումների մի մասն է եւ անուղղակիորեն բխում է հացահատիկի թանկացումից։ Նշենք, որ կաթնամթերքի թանկացում կա նաեւ Ռուսաստանում, որտեղ երաշտի պատճառով դժվարացել է անասունների արածեցումը եւ կերակրումը։ Որոշ ռուսական արտադրողներ, նույնիսկ, սկսել են կեր ներմուծել արտասահմանից։ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ելենա Սկրիննիկը այսօր նույնիսկ ստիպված է եղել հայտարարել, որ երկիրը կաթի դեֆիցիտ չի զգա՝ անհրաժեշտ կաթնամթերքը կներմուծվի Բելառուսից։ Բացի այդ՝ Ռուսաստանում սկսել են լրջորեն քննարկել անասնապահական ֆերմաներից կաթի գնման գների միջակայքի սահմանման հարցը, որպեսզի կանխեն կաթնամթերքի թռիչքաձեւ աճը։ Ներկայում կաթը ֆերմաներից գնվում է միջինը 12,5 ռուբլով (մոտ 150 դրամ):

Նշենք, որ Հայաստանը 2010 թ. ներմուծել է մոտ 7400 տոննա կաթնամթերք, որից 2600 տոննա՝  Բելառուսից, եւ 1500 տոննա՝ Ռուսաստանից։ Հնարավոր է՝ երաշտի հետեւանքով ռուսական ներկրումները դադարեցվեն, իսկ բելառուսական կաթնամթերքը թանկանա, քանի որ դրա նկատմամբ պահանջարկը կաճի։ Կաթի արտադրությունը հանրապետությունում մոտ 300 հազ. տոննայի սահմաններում է, եւս 26 հազ. տոննա կաթնամթերք է արտադրվում (17 հազ. տոննա պանիր, 2,5 հազ. տոննա մածուն, 3 հազ. տոննա թթվասեր եւ այլն):

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply