Սենատորները խափանում են Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների նշանակումը
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | August 11, 2010 21:51
Անցյալ շաբաթ, երբ սենատորներն իրենց աննախադեպ որոշմամբ խափանեցին Նախագահի կողմից առաջադրված դեսպանների թեկնածությունը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում, Բարաք Օբամայի վարչակազմը շատ անհարմար վիճակի մեջ հայտնվեց:
Անտեսելով բոլոր նախազգուշացումները, որ Սենատում Բաքվի և Անկարայի համար առաջադրված թեկնածուներ Մեթյու Բրայզան և Ֆրենսիս Ռիկիարդոնեն լուրջ ընդդիմության են հանդիպելու, վարչակազմը դրսևորեց փորձառության և առողջ դատողության իսպառ բացակայություն:
Սպիտակ տունը, Պետքարտուղարությունը և Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրոք համաձայնվել էին այդ երկու թեկնածուներին արագորեն դեսպան նշանակել՝ նախքան Սենատի անդամների ամառային արձակուրդի մեկնելը, մինչև սեպտեմբերի կեսերը: Բրայզան այնքան ինքնավստահ էր, որ ստանձնելու էր Բաքվում իր նոր պաշտոնը օգոստոսի սկզբներին, որ անգամ պատրաստություններ էր տեսել Վաշինգտոնում իր բնակարանը վարձակալության տալու համար:
Ի տարբերություն հրապարակված զեկույցների, ամերիկահայ համայնքը Բրայզայի թեկնածությանը չընդդիմացավ՝ ելնելով զուտ իր շահադիտական նկատառումներից: Հիմնական հարցը, որը բարձրացվեց Հայ Դատի հանձնախմբի կողմից այն էր, թե արդյոք Բրայզան կարող է Միացյալ Նահանգների շահերը պատշաճորեն ներկայացնել Բաքվում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում թեկնածուի սուր քննադատությունը պայմանավորված էր ինչպես նրա, այնպես էլ նրա` թուրքական ծագում ունեցող, Հուդսոնի ինստիտուտի աշխատակից կնոջ կողմից պաշտոնական դիրքի չարաշահման բազմաթիվ մեղադրանքների առկայությամբ: Բրայզա ամուսիններին քննադատեցին ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների հետ ունեցած «չափազանց ջերմ» կապերի և Ստամբուլում կայացած նրանց հարսանիքի առիթով այդ անձանցից ստացած նվերների համար:
Մեթյու Բրայզայի հաստատման համար անցկացված լսումների ժամանակ նրա խուսափողական և անբավարար պատասխանները դրդեցին սենատոր Բարբարա Բոքսերին, հանձնաժողովի նախագահ սենատոր Ջոն Քերիից խնդրել մինչև սեպտեմբերի կեսերը հետաձգել նրա հաստատումը: Այդ ընթացքում, Միացյալ Նահանգների պաշտոնյաները և ուրիշներ հնարավորություն կունենան հանգամանորեն ուսումնասիրել հանձնաժողովում լսումների ժամանակ ծագած հարցերը: Եթե սենատորները գտնեն, որ Բրայզային ներկայացված մեղադրանքները բավարար հիմնավորում չունեն նրա թեկնածությունը մերժելու համար, ապա նա կարող է հաստատվել որպես ԱՄՆ հաջորդ դեսպան Ադրբեջանում: Սակայն, եթե խախտումներն առկա են, ապա ավելի լավ է, որ դրանք ի հայտ գան այժմ, այլ ոչ թե նրան Բաքվում նշանակելուց հետո` Օբամայի վարչակազմը զերծ պահելով սկանդալային բացահայտումներից և դժվարություններից:
Մյուս կողմից, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիկիարդոնեի ընտրությունը «թղթի վրա» թվում էր կատարյալ: Նա արտաքին ծառայությունների գծով 32 տարվա մեծ փորձառություն ունի, աշխատել է որպես փոխդեսպան Աֆղանստանում, ինչպես նաև Թուրքիայում և վարժ տիրապետում է թուրքերենին:
Ցավոք, Ռիկիարդոնեի դեմ մի կարևոր մեղադրանք կա, որը Օբամայի վարչակազմի կողմից անխոհեմաբար անտեսվեց: Նեոպահպանողականների կողմից սուր բողոքներ հնչեցին, որ 2005-2008 թվականներին Ռիկիարդոնեն Եգիպտոսում դեսպանի պաշտոնում աշխատելու ժամանակ չի կարողացել աջակցել Բուշի վարչակազմի՝ այդ երկրում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությանը նպաստելու թույլ ջանքերին: Նեոպահպանողականները գիտակցելով, որ վարչակազմը ականջալուր չէ իրենց առարկություններին, փորձեցին խափանել նրա թեկնածությունը: Սենատոր Սեմ Բրաունբակը Ռիկիարդոնեի թեկնածության վրա «կասեցում» (hold) դրեց, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից նրա հաստատումից հետո՝ խափանելով նրա նշանակումը Սենատի լիագումար նիստի կողմից:
Foreign Policy ամսագիրը հայտնել է, որ Ռիկիարդոնեի քննադատները կարծում են, որ «նրա ուժեղ անհատականությունը և հաճախ կոպիտ խոսելաոճը վատ խառնուրդ են իրեն առաջարկված նոր պաշտոնի համար, միաժամանակ նա հակված է շատ մտերմանալու օտար թիմակիցների հետ»: Ամսագիրը նաև մեջբերել է American Enterprise Institute-ի փոխնախագահ Դանիելա Պլետկայի խոսքերը. «Այժմ, մեզ համար այն պահը չէ մի այնպիսի դեսպան ունենալ Թուրքիայում, որն ավելի շատ շահագրգռված է տեղական բռնակալներին ծառայել, քան ներկայացնել իր վարչակազմի շահերը»:
Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանների հաստատման խափանումը գրավել է Վաշինգտոնի, Բաքվի և Անկարայի ուշադրությունը: Ամերիկյան, ադրբեջանական և թուրքական խոշոր թերթերը մեղադրել են ամերիկահայ համայնքին և Հայ Դատի հանձնախմբին` Բրայզայի թեկնածությունը ձախողելու համար: Վաշինգտոնում լույս տեսնող հեղինակավոր Politico ամսագիրը հաղորդում է, որ Բրայզան բախվել է «Հայ Դատի հանձնախմբի` լոբբիստական խմբի դիմադրությանը»: AzerNews Weekly-ն Բրայզայի հարցով մեղադրում է «հայկական Սփյուռքին», իսկ Թուրքիայի խոշորագույն Hurriyet թերթը հաղորդում է, որ Բրայզայի թեկնածությունը հետաձգվել է «ի պատասխան հայկական լոբբիստական խմբերի ճնշումների»:
Ըստ որոշ լրատվամիջոցների, Օբամայի վարչակազմը չի ցանկանա իր քաղաքական կապիտալն օգտագործել այս թեկնածուներին փրկելու համար: Կոլումբիայի համալսարանի Հարավային Կովկասի գծով փորձագետ Լինքոլն Միտչելը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ չի կարծում, թե Օբամայի վարչակազմը պատրաստվում է պայքարել ընդդեմ իր (դեմոկրատական) կուսակցության սենատորների` Բրայզային փրկելու համար: Foreign Policy ամսագրում, վարչակազմի կողմից Ռիկարդիոնեին փրկելու դժկամության մասին նման գնահատական էր տվել նաև Հանրապետական սենատորի մի օգնական:
Բաքվում և Անկարայում ԱՄՆ դեսպանների երկարատև բացակայությունը համընկնում է այս երկու մայրաքաղաքների և Վաշինգտոնի միջև լարված հարաբերությունների ժամանակաշրջանի հետ: Հաշվի առնելով նոյեմբերին կայանալիք վճռորոշ ընտրությունների նախաշեմին Օբամայի վարչակազմի ներքին և արտաքին բազմաթիվ ճգնաժամերը, հազիվ թե նա կարողանա եռանդուն կերպով հետամուտ լինել իր դեսպանների նշանակմանը Ադրբեջանում և Թուրքիայում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի






Facebook
Tweet This
Email This Post
