Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտում

Պաշտոնական, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 11, 2010 19:56

Օգոստոսի 10-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, APA, 1news.az, day.az կայքերը տեղեկություններ են հրապարակել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների հետ իբրև թե անցկացված հարցազրույցի վերաբերյալ և կայքերում լուսանկարներ տեղադրել:

Ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեղեկությունները` ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային մարդասիրական իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, 1949թ. օգոստոսի 12-ին Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 13-րդ և 27-րդ հոդվածներում ամրագրված դրույթները, որոնք սահմանում են, որ «հովանավորվող կամ պահպանության տակ գտնվող անձինք պետք է մշտապես պաշտպանված լինեն հասարակության հետաքրքրասիրությունից»:

 Հետևաբար, ադրբեջանական կողմը պետք է զերծ մնար նշված անձանց հասարակության ուշադրությանը ներկայացնելուց և կանխեր լուսանկարների տեղադրումը: Ընդ որում, պահպանության տակ գտնվող անձի համաձայնությունը հանդիպել լրատվամիջոցների հետ չի ազատում ադրբեջանական համապատասխան կառույցների ղեկավարությանը իր պարտավորություններից, քանի որ Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ հոդվածներով ամրագրվում է, որ «պահպանության տակ գտնվող անձինք ոչ մի դեպքում չեն կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ հրաժարվել այն իրավունքներից, որոնք նախատեսված են կոնվենցիաներով»:
Հրավիրում ենք միջազգային մարդասիրական կազմակերպությունների և հատկապես Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ուշադրությունն ադրբեջանական կողմի գործողությունների վրա` ակնկալելով այդ կառույցների պատշաճ արձագանքն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ:

 ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1701 անգամ:
Print Friendly

Leave a Reply