Երկրաշարժն ընդամենը առիթ էր` բացահայտելու բռնարարի դեմքը
ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | August 11, 2010 13:23
1988-ի ահավոր երկրաշարժի առաջացրած հոգեբանական ծանր ու անառողջ մթնոլորտն, անշուշտ, իր վատ հետևանքներն ունեցել է մարդկանց վարքագծի վրա: Սակայն այնուամենայնիվ, այն չէր կարող ավելի հզոր լինել, քան մարդկային բարձր բարոյականությունն ու սերն են:
Ներկայացնում ենք չորս իրական պատմություն, որոնց հերոսները կանայք են, ովքեր ոչ միայն երկրաշարժի դառնությունն են ճաշակել, այլև կորցրել են ընտանիքը, արժանապատվությունն ու երջանկությունը: Այս պատմություններում կանանց դժբախտության պատճառը հենց բարոյականության ու սիրո բացակայությունն է և ոչ թե ավերիչ երկրաշարժը:
Ամուսինը լքեց «սիրելի» կնոջն ու երեխային, քանի որ կինը զրկվել էր աջ ձեռքից
«Ամուսնացել եմ սիրելով, բայց ցավոք` չճանաչելով նրան: Ինձ թվում էր, թե աշխարհի ամենաերջանիկ կանանցից եմ, քանի որ սիրում էի ամբողջ հոգով և սիրված էի ամուսնուս կողմից:
Ընդամենը հինգ ամսվա ամուսնացած էինք, երբ ավերիչ երկրաշարժն ավերեց ամեն ինչ: Ես մնացի փլատակների տակ: Ինձ հանեցին երկրորդ օրը և կիսամեռ վիճակում հասցրին Երևան:
Երբ ուշքի եկա, պառկած էի հիվանդանոցի վիրաբուժական բաժնում: Ոչինչ չէի հիշում: Աչքերս բացելուն պես տեսա հարազատներիս, որ գլխավերևումս կանգնած` լաց էին լինում: Քրոջս հարցրի, թե ինչ է պատահել, ոչինչ չպատասխանեց ու անմիջապես դուրս եկավ հիվանդասենյակից:
Շատ դաժան ու սարսափելի էր այն պահը, երբ զգացի, որ զրկվել եմ իմ աջ ձեռքից: Ես ուշաթափվեցի:
Այդ ժամանակ երեխաս մի քանի ամսական էր: Ամուսինս, իմանալով իմ վիճակի մասին, ոչ մի անգամ հիվանդանոց չեկավ: Այդպես անցան ամիսներ: Ես ամեն օր, ամեն վայրկյան սպասում էի, որ կգա, բայց…
Մեկ տարի անց իմացա, որ ամուսնացել է` այդ վիճակում ինձ լքելով և անգամ չհիշելով իր մանկահասակ տղային:
Կարծում եմ սխալվել էի` մտածելով, թե նա ինձ սիրում է»:
«Էդ էր պակաս, որ ընձի նման տղամարդը ինվալիդի հետ ապրի…»
«Ամուսնացել եմ 17 տարեկանում` ծնողներիս պարտադրանքով: Ամուսնությանս հինգ տարիների ընթացքում առանձնապես երջանիկ չեմ եղել: Օրերս անցնում էին միապաղաղ: Այդպես շարունակվեց մինչև երկրաշարժը, որի ժամանակ ես մնացի փլատակների տակ:
Երբ ինձ հանեցին, անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց և կտրեցին աջ ոտքս: Ես դարձա հաշմանդամ: Ամուսինս, որ մինչ այդ էլ առանձնապես հոգատար չէր, հաշմանդամ դառնալուցս հետո հայտարարեց. «Էդ էր պակաս, որ ընձի նման տղամարդը ինվալիդի հետ ապրի»:
Այդ դժբախտությունը կարծես քիչ էր, նա իր հետ տարավ նաև մեր աղջիկներին: Ինձ թվում էր, թե ես չեմ դիմանա այդ հարվածներին. երիտասարդ տարիքում զրկվեցի ոտքիցս, ամուսնուցս, բայց ամենասարսափելին ինձ համար աղջիկներիս կորցնելն էր:
Նրանցից ընդմիշտ զրկվելու վախն ինձ ստիպեց, որ ուժ գտնեմ և դատարանի միջոցով նրանց վերադարձնեմ: Այժմ երեխաներիս պահում եմ հարազատների օգնությամբ: Եթե չլիներ այդ օգնությունը, ես չէի կարող մեծացնել իմ դուստրերին»:
Կնոջը երեխայի ներկայությամբ ծեծելը դարձավ երեխայի հիվանդության պատճառ
«Ամուսնացել եմ 28 տարեկանում: Վեց ամսվա հղիություն ունեի, երբ տեղի ունեցավ երկրաշարժը: Փլատակների տակից ինձ հանեցին միայն երրորդ օրը: Հրաշքով փրկվեցի: Բժիշկները հույս չէին տալիս, որ հաջող ծնունդ կունենամ: Ասում էին, որ եթե չհրաժարվեմ երեխա ունենալուց, ապա իմ կյանքին մեծ վտանգ է սպառնում, քանի որ վնասվել էին երիկամներս:
Բայց ես այդ բոլոր վտանգներն անտեսեցի` հանուն երեխայի լույս աշխարհ գալու: Նույնիսկ հիվանդանոցում պառկած ժամանակ հրաժարվում էի ցավազրկող ու բուժիչ դեղորայքից, որ երեխայիս չվնասեմ:
Երեք ամիս անց տղաս ծնվեց: Մեծ էր իմ ուրախությունը, երբ առաջին անգամ նրան գիրկս առա: Առաջին երկու տարին ես ու ամուսինս հաշտ ու համերաշխ ապրում էինք, միասին մեծացնում մեր շատ սպասված փոքրիկին: Սակայն ամուսինս սկսեց հաճախակի հարբած տուն գալ. չգիտեմ` արհավի՞րքն էր պատճառը, թե՞ քաղաքում տիրող վիճակը:
Հետո, կարծես դա քիչ էր, սկսեց թմրադեղեր օգտագործել: Մի օր էլ հարբած եկավ ու սկսեց ինձ առանց պատճառի ծեծել` երկու տարեկան երեխայի աչքի առաջ: Երեխաս վախից ցնցումների մեջ ընկավ: Տեսնելով երեխայի վիճակը` նա անմիջապես սթափվեց, և տղայիս շտապ տեղափոխեցինք հիվանդանոց: Փոքրիկը շոկի մեջ էր: Այդ դեպքն իր հետևանքներն ունեցավ. վեց տարեկանում տղայիս մոտ հայտնաբերվեց լեյկոզ:
Ես բաժանվեցի ամուսնուցս: Արդեն տասը տարի է, որ բաժանված ենք, սակայն ոչ մի օր հանգիստ չունենք: Նա նորից հարբած, թմրադեղերի ազդեցության տակ գալիս է, դուռը, պատուհանները կոտրում, հարևաններին անհանգստացնում: Ես ու տղաս վախից կուչ ենք գալիս սենյակի մի անկյունում, մինչև նա հեռանում է:
Շատ անգամ ենք դիմել ոստիկանների օգնությանը, բայց ապարդյուն: Ստիպված անընդհատ փոխում ենք մեր բնակության վայրը, բայց նա նորից գտնում է մեզ»:
Հոր բռնաբարությունը երկրորդ հարվածն էր` երկրաշարժի ժամանակ մորը կորցնելուց հետո
«Ահավոր երկրաշարժը խլեց աշխարհում ինձ համար ամենթանկ մարդու` մայրիկիս կյանքը: Այդ ժամանակ ես ընդամենը չորս տարեկան էի: Այդ տարիքից սկսեցի ճաշակել կյանքի դառնությունը:
Մնացի հորս խնամքին: Մի քանի տարի անց հայրս ձերբակալվեց: Նրան դատապարտեցին տասը տարվա ազատազրկման: Այդ ընթացքում ինձ խնամում էր մայրական տատիկս:
Երբ հայրս բանտից վերադարձավ, ես մի տեսակ նեղվում էի նրա ներկայությունից, վախենում էի նրա հետ մենակ մնալուց: Ինձ ճնշում էր նրա հայացքը: Ես խնդրում էի տատիկիս, որ չթողնի` հայրիկս ինձ տանի: Սակայն հայրս սպառնաց, որ եթե տատիկս փորձի կանգնել իր ճանապարհին, նրան կսպանի ու նորից բանտ կվերադառնա: Ես ստիպված լքեցի տատիկիս տունը և հորս հետ մեր տուն վերադարձա:
Մի օր էլ հայրս ինձ քնաբերով թեյ տվեց ու բռնաբարեց: Դա երկրորդ դաժան հարվածն էր, որ հասցրեց ինձ ճակատագիրը: Նրան իր կատարած հանցանքի համար դատապարտեցին և մեկ տարի անց բանտում սպանեցին: Չեմ կարող նկարագրել այն ապրումները, որ ունեցա: Ես խուսափում էի մարդկանցից, հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչներից: Նրանց մեջ տեսնում էի բռնացողի և գազանի:
Տարիներ անց հանդիպեցի մի մարդու, ով իմանալով հանդերձ ինձ հետ կատարվածի մասին, ամուսնության առաջարկ արեց ինձ: Քիչ-քիչ նրան ճանաչելով` ընտելացա, մտերմացա և ի վերջո սիրեցի նրան: Մենք ամուսնացանք, և ես հասկացա, որ իմ ընտրության մեջ չեմ սխալվել: Հիմա փորձում են ճաշակել այն երջանկության քաղցրությունը, որ պարգևել է ինձ բալիկս»:
Պատմությունները տրամադրել է
«Կանանց իրավունքների կենտրոն»
հասարակական կազմակերպությունը






Facebook
Tweet This
Email This Post
