Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ հարգել են հայազգի երաժշտի մահվան տարելիցը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 10, 2010 21:53

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում  տասնյակ հազարավոր մարդիկ օգոստոսի 9-ին հարգել են հայազգի երաժիշտ Արամ Տիգրանի մահվան տարելիցը։

Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝  Դիաբեքիրում Արամ Տիգրանի հիշատակին կազմակերպված միջոցառումներին մասնակցել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները,  քրդական  «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները, «Ժողովրդավարական հասարակության խորհուրդ» կազմակերպության համանախագահներ Ահմեդ Թուրքը և Այսել Թուղլուքը։

Միջոցառումների ընթացքում Մերձավոր Արևելքի սոխակ համարվող հայազգի երաժշտի ստեղծագործությունները կատարել են Թուրքիայում հայտնի մի շարք երգիչներ, ինչպես նաև Ջիզրեի մանկական համույթը։

1934-ի հունվարի 15-ին Սիրիայի Քամիշլո քաղաքում ծնված Արամ Տիգրանը 20 տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը՝ երգելով հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն և ասորերեն։  Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր է թարգմանել ու երգել քրդերեն, և հակառակը։

Արամ Տիգրանի երազանքը՝ թաղվել Դիարբեքիրում, չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։  Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը։

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply