Թուրքիայում հետաքննություն է սկսվել սփյուռքահայերի՝ անօրինական ճանապարհով Արարատ լեռը բարձրանալու առթիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 10, 2010 21:38

Թուրքիայի Աղրըի նահանգապետարանը հետաքննություն է սկսել նախորդ ամիս առանց թույլտվության Արարատի գագաթ բարձրանալու և Հայաստանի ու Արցախի դրոշները պարզելու կապակցությամբ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  թուրք պաշտոնյան, ով չի ցանկացել իր անունը հրապարակել, նշել է, թե Աղրըի նահանգապետարանը սկսել է հետաքննություն՝  պարզելու, թե որտե՞ղ են մնացել 11 սփյուռքահայերը և ո՞վ է նրանց ուղեկցել Արարատ գագաթ։

Նշենք, որ ԱՄՆ-ում լույս տեսնող  հայկական «Ասպարեզ» պարբերականը հայտնել էր, թե ամերիկահայ և կանադահայ 11 հոգուց բաղկացած խումբը բարձրացել է Արարատ լեռան գագաթը և պարզել Հայաստանի և Արցախի դրոշները։ Թուրքական մամուլը, հատկապես, կատաղած է այն փաստից, որ սփյուռքահայերը նշել են, որ իրենք առանց թույլտվության են բարձրացել Արարատ լեռը, քանի որ նախօրոք ստացած թույլտվությունը Թուրքիայի տուրիզմի նախարարությունը չեղյալ էր համարել:

Ի դեպ, Աղրը նահանգի Առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մեհմեդ Էրաթը, ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ դեռևս ոչ ոք չի հաստատել սփյուռքահայերի՝ Արարատ լեռ բարձրանալու փաստը,  սպառնացել է. «Եթե Աղրըի բնակիչները նման բան իմանային, այդ լեռնագնացներին Արարատի վրա կթաղեին»։

Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply