Նախապատրաստվում են Ֆրանսիայում և Հայաստանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 10, 2010 16:17

Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է սեպետեմբերի 1-5-ին Վանաձորում կայանալիք Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության միջազգային երկրորդ մրցաշարին, որին մասնակցելու են նաև Իրանի, Բելառուսի, Վրաստանի հավաքականները: Հայաստանի ներկայացուցիչների մրցակիցներն ուժեղ են, քան որ այն երկրներից են, որոնցում հանդբոլը դասվում է առաջատար մարզաձևերի շարքին: Կարճ ասած, բոլորն էլ հանդբոլի ավանդույթներ, նաև միջազգային համարում ունեցող երկրների հավաքականներ են: Մերոնց խնդիրն է ուժղագույնների այդ մրցավեճում  պատվով դուրս գալ փորձությունից: Թե ինչպիսի ներուժ ունի Հայաստանի ընտրանին, միանշանակ որևէ գնահատական տալ հնարավոր չէ: Բան այն է, որ այն առաջին անգամ է այդպիսի կազմով խաղալու: Հայաստանի հավաքականը համալրելու են մեր երկրում վարպետություն ստացած փորձառու խաղացողներ, նաև նրանց են միանալու Ֆրանսիայի հանդբոլի ակումբներից հրավիրված մի խումբ մեր հայրենակիցներ: Իսկ Ֆրանսիայում հանդբոլը բարձր խաղամակարդակ ունի, և պատահական չէ, որ այդ երկրի ներկայացուցիչներն են կրում օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոնների տիտղոսները: Ընդ որում, ֆրանսիացի մեր հայրենակիցները սիրահոժար, առանց որևէ պայմանի, սոսկ հայրենասիրական նկրտումներով են պատրաստակամություն հայտել հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո: Այդ նպատակով Ֆրանսիայում ստեղծվել է «Աջակցություն` Հայաստանի հանդբոլին» կազմակերպությունը, որը Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հետ համատեղ նպատակային ծրագիր է իրականացնում ոչ միայն Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու, այլև մեր երկրում հանդբոլը զարգացնելու համար: Ի դեպ, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը և փոխնախագահ Հարություն  Մելքոնյանը այս տարվա հունվարին եղել են Ֆրանսիայում, հետևել հայ լավագույն հանդբոլիստների մրցելույթներին և անձամբ ընտրել նրանց, ովքեր  բարձր խաղամակարդակ ունեն: Այդ է պատճառը, որ հանելուկ է մնում, թե ինչպիսին է Հայաստանի հավաքականի ներուժը: Ահա այն խաղացողները, ովքեր օգոստոսի 28-ին Ֆրանսիայից կժամանեն Հայաստան` Ռեմի Ստամբուլյան (դարպասապահ, հասակը` 186 սմ), Գիրիլ Հայրափյան (180 սմ), Գիրիլ Բաբիկյան (184 սմ), Գուլայմե Գարմիրյան (188 սմ), Մարկ Հուսիկյան (186 սմ), Հրայր Սալաթյան (186 սմ), Ալեքս Կումիրյան (184 սմ), Օլիվյե Բրուանդ (180 սմ), Քեթրիկ Ռենե (188 սմ): Այս հանդբոլիստները Ֆրանսիայում նախապատրաստվում են մարզիչ Պատրիկ Օթամյանի ղեկավարությամբ: Թիմի գործադիր  տնօրենն է` Պատրիկ Բոյաջյանը: Հայաստանում, Ֆիկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում  ներկայումս նախապատրաստվում են` Արտակ Բայրամյանը (դարպասապահ, հասակը`179 սմ), Արման Իսրայելյանը (185 սմ), Հովհաննես Մուրադյանը (186 սմ), Հայկ Երանոսյանը (180 սմ), Վահան Դարբինյանը (180 սմ), Ստեփան Մարգարյանը (174 սմ), Գոռ Ղանադյանը (181 սմ), Ֆրունզե Ղուկասյանը (182 սմ), Ստեփան Ղազարյանը (179 սմ): Հայաստանի հավաքականի մարզիչը 35-ամյա Էդուարդ Օհանյանն է: Թեև երիտասարդ տաիքին նա մարզչական աշխատանքի զգալի փորձ ունի: Օհանյանը Հայաստանի ազգայի հավաքականը մարզել է  2001-08-ին: Իսկ դրանից առաջ նա խաղացել է մեր երկրի ազգային ընտրանու կազմում: Փաստորեն, Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականի խաղացողների մի մասը մարզվում է Ֆրանսիայում, մյուս մասն էլ` Հայաստանում: Սակայն միջազգային  մրցաշարի մեկնարկից առաջ հավաքականն ամբողջական կազմով ուսումնամարզական կարճատև հավաք կանցկացնի, նախ, Երևանում, ապա` Վանաձորում, որից հետո էլ կհրապարակվի թիմի վերջնական կազմը:

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply