Ո՞րն է բացը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | August 10, 2010 14:23
Օգոստոսի 10-ին Սինգապուր ուղևորվեց Հայաստանի մարզական պատվիրակությունը: Օգոստոսի 14-ին Սինգապուրում մեկնարկելու են պատանեկան օլիմպիական առաջին խաղերը: Այդ ստուգատեսին կմասնակցեն 205 երկրների շուրջ 3500 մարզիկներ: Հայաստանը կներկայացնեն 14 մարզիկներ՝ ծանրորդներ Սմբատ Մարգարյանը (56 կգ, Երևան), Գոռ Մինասյանը (+ 85 կգ, Գյումրի), հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը (10 մ օդամղիչ ատրճանակ, Երևան), նետաձիգ Վասիլ Շահնազարյանը (Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան), մարմնամարզիկ Վահան Վարդանյանը (Երևան), ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ, Վանաձոր), բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը (60 կգ, Երևան), հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը (85 կգ, Գյումրի), ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը (46 կգ, Հոկտեմբերյան), աթլետ Դիանա Խուբեսերյանը (100 մ վազք, Երևան), ջրացատկորդ Գևորգ Պապոյանը (3 մ ոստնակացատկ, Երևան), թիավար Էդգար Բաբայանը (կանոե, սլալոմ, Երևան), լողորդներ` Անահիտ Բարսեղյանը (50 մ և 100 մ թիկնաալող, Երևան) և Սերգեյ Պևնեևը (50 մ և 100 մ ազատ ոճով լող, Երևան): Հայաստանի պատվիրակոևթյան շեֆ-միսիան է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Թեև մեր երկրի պատվրակների մեծ մասն առանց վարկանիշային մրցաշարերում ուղեգրեր նվաճելու, կազմակերպիչների ուղարկած հարվերներով է մասնակցելու ստուգատեսին, սակայն նրանցից ակնկալիքներ կան: Անորոշ է միայն, թե ինչպիսի դրամական պարգևներ են սպասելու աչքի ընկնողներին: Բանն այն է, որ մրցաշարջանի ընթացքում մեդալներ նվաճած մեր մարզիկների համար կա պարգևատրման սանդղակ, սակայն դրանում ոչինչ նախատեսված չէ պատանեկան օլիմպիական խաղերում իրենց լավագույնս դրսևորողների համար: Թե ինչպես պետք է լրացվի այս բացը, եթե Հայաստանի ներկայացուցիչները մեդալների արժանան, պարզ չէ:






Facebook
Tweet This
Email This Post
