Միջազգային շուկայում հացահատիկը սկսել է էժանանալ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 9, 2010 16:30

 

Այսօր` օգոստոսի 9-ին համաշխարհային ապրանքային բորսաները հացահատիկի առևտուրը սկսել են գների անկմամբ։ Այսպես՝ Ասիայի խոշորագույն հացահատիկային բորսայում՝ Սինգապուրի, հացահատիկի 1 բուշելն (27,3 կգ) արժեցել է 7,15 դոլար՝ 5,3 տոկոսով ավելի նվազ, քան ուրբաթ օրը։

Հացահատիկի գների անկումը պայմանավորված է այն տեղեկատվությամբ, որ ԱՄՆ-ի և Ավստրալիայի ֆերմերները որոշել են ավելացնել հացահատիկի ցանքատարածությունները։ Որոշ ամերիկյան նահանգներում հացահատիկի ցանքատարածությունները կարող են ավելանալ մինչև 10 տոկոսով։ Սա ի լրումն նրա, որ ԱՄՆ-ում հացահատիկի դաշտերը ոչ միայն չեն տուժել, այլև այս տարի սպասվում է ռեկորդային բարձր բերք։ Ըստ փորձագետների՝ հացահատիկային ճգնաժամից ամենաշատը շահելու են հենց ամերիկյան ֆերմերները։

Նշենք, որ Երևանում հացն ու ալյուրը անցյալ շաբաթ թանկացան այն տեղեկատվության ազդեցությամբ, որ միջազգային շուկայում հացահատիկը թանկացել է։ Այսօր արդեն երևանյան բոլոր հացաթխման ձեռնարկությունները հացն առաջարկում են 10-20 տոկոսով ավելի թանկ, քան մեկ շաբաթ առաջ էր։ Խանութներում բարձր կարգի այլյուրը առաջարկվում է կգ-ը 200-220 դրամով, նախկին 180-200 դրամի փոխարեն։

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply