Ավտովթարներ մահվան ելքերով
Օրվա լուր | Անի Գասպարյան | August 9, 2010 15:42
Օգոստոսի 7-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աճառյան ու Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում “Միթսուբիշի” մակնիշի 11 ՏՏ 300 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու բախվել սյանը: Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդ` 1980 թ. ծնված Արտաշես Մանուկյանը, տեղում մահացել է:
Նույն օրը ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում:
Դեռեւս չպարզված հանգամանքներում “ԲՄՎ” մակնիշի 07 ՍԼ 715 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու շրջվել: Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 1955 թ. ծնված Մարտին Գրիգորյանը, ուղեւորներ` 1954 թ. ծնված Ջուլիետա Խուդավերդյանը եւ 1984 թ. ծնված Հայկուշ Կարապետյանը տեղում մահացել են: 2005թ. ծնված Մելինե Գրիգորյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց:
Բժիշկները երեխայի առողջական վիճակը բավարար են գնահատել:
Օգոստոսի 8-ին, ժամը 21.15-ին Եղեգնաձորի շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 129-րդ կիլոմետրում` Մալիշկա գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար:
“Մերսեդես” մակնիշի 20 ՕՍ 766 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին ու շրջվել, ինչի հետեւանքով վարորդը` Ջերմուկի բնակիչ, 1983 թ. ծնված Արմեն Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորները` նույն քաղաքի բնակիչներ, 1983 թ. ծնված Սմբատ Գրիգորյանը եւ նրա հասակակից Սեւակ Խաչատրյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար է:






Facebook
Tweet This
Email This Post
