ՄՄԿ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 6, 2010 16:34

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) միավորել են իրենց ջանքերը` աջակցելու Հայաստանի Հանրապետության (ՀՀ) Կառավարությանը մեր երկրում անձանց նույնացման և ճամփորդական փաստաթղթերի համակարգի արդիականացման ու բարեփոխման գործընթացում:   Տեխնիկական աջակցության այս ծրագիրը նախաձեռնվել է ՀՀ ոստիկանության և ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկով և ուղղված է աջակցելու ՀՀ Նախագահի 2008 թ.-ի մարտի 15-ի “ՀՀ միգրացիայի համակարգի և ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման հայեցակարգի մասին” կարգադրության իրականացմանը:   Նշված կարգադրությամբ 2011 թ.-ից ՀՀ-ում ներդրվելու են կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր և նույնացման քարտեր: 

ՄՄԿ-ի և ԵԱՀԿ-ի համատեղ “Աջակցություն ՀՀ-ում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող նույնացման և ճամփորդական փաստաթղթերի համակարգի ներմուծմանը” ծրագրի նպատակն է աջակցել ՄԱԿ-ի քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ, ICAO) կողմից ընդունված չափանիշներին համապատասխանող կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնացման քարտերի համակարգի ներդրման ազգային պլանի մշակմանը:  Նշված ազգային պլանը կուղղորդի ՀՀ Կառավարության կողմից նույնականացման և ճամփորդական նոր փաստաթղթերի ներդրման գործընթացը: 

Ի հավելումն նշված պլանի մշակմանը, ՄՄԿ-ի կողմից իրականացվող ծրագիրն ունի նաև այլ բաղադրիչներ. փորձագիտական խորհրդատվություն պաշտոնյաներին, կարիքների գնահատում, կենսաչափական կողմնորոշիչներով փաստաթղթերի և ինքնության վարման թեմայով ուսուցում, ինչպես նաև փորձի փոխանակման այց կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող նույնացման և ճամփորդական փաստաթղթերի համակարգ ունեցող պետություններ: 

Ներկայումս ՄՄԿ-ի միջազգային փորձագետներն Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի մասնագետների հետ միասին ամփոփում են էլեկտրոնային անձնագրերին և նույնացման քարտերին ներկայացվելիք տեխնիկական պահանջները:  

Ծրագիրը ֆինանսավորվում է ՄՄԿ-ի կողմից:  ԵԱՀԿ Քարտուղարության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը համաֆինասավորել է ծրագրով նախատեսված անկախ փորձագետների այցերը:  Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող նույնացման և ճամփորդական փաստաթղթերի ներդրման շնորհիվ ակնկալվում է տեղաշարժի և վիզաների դյուրացում, որը Եվրոպական նոր հարևանության և Արևելյան գործընկերության հիմնական կետերից մեկն է: 

Ծրագրի հիմնական համագործակիցներն են ՀՀ Ոստիկանությունը, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունը, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը, ՀՀ Ազգային ժողովը: 

Անձի ինքնության կառավարման բնագավառում ՄՄԿ-ի գործունեության մասին ավելի մանրամասն կարելի է իմանալ հետևյալ կայքից. http://www.iom.int/jahia/webdav/shared/shared/mainsite/activities/tcm/iom_id_brochure%2520final.pdf. 

 Լրացուցիչ տեցեկատվության համար դիմել ՄՄԿ Հայաստանի առաքելության ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ղեկավար տիկին Քրիստինա Գալստյանին, Հեռ.` (+374 10) 585692, ներքին համար` 112; Էլ. փոստ`  kgalstyan@iom.int:

Դիտվել է 2024 անգամ:
Print Friendly

Leave a Reply