Քննարկում Գյումրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | օգոստոսի 6, 2010 15:29

 

Օգոստոսի 4-ին, Գյումրիում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի և «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի նախաձեռնությամբ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կայացավ քննարկում, նվիրված Կառավարության կողմից Ազգային Ժողովին ներկայացված և առաջին ընթերցմամբ ընդունված`  «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին: Քննարկմանը մասնակցում էին Գյումրիում գործող հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ ներկայացուցիչներ և մտավորականներ: Հանդիպման վերջում  պատրաստվեց և հրապարակվեց բաց նամակ ի պատասխան  «Դիլիջան»  միջազգային դպրոցի նախաձեռնողների վերջերս Հանրային Խորհրդին ուղղված բաց նամակի:

 Բաց նամակ ի պատասխան Ռուբեն Վարդանյանի բաց նամակի

Քննարկելով  «Դիլիջան»  միջազգային դպրոցի նախաձեռնողների բաց նամակը, ուղղված Հանրային Խորհրդին, մենք` 2010 թ. օգոստոսի 4-ին Գյումրու ժուռնալիստների  «Ասպարեզ» ակումբում հավաքված ժողովի մասնակիցներս հայտնում ենք մեր մտահոգությունը եւ առաջարկները`

ա. բարձրակարգ օտարալեզու դպրոցը բազմաթիվ բացասական հետևանքներ կունենա դեռ կայացման ընթացքում գտնվող հայալեզու միջնակարգ կրթական համակարգի համար.

բ. հայերեն լեզվով այդ ծրագրի, ինչպես նաև այլ բարձրորակ միջազգային կրթական ծրագրերի, իրականացման դեպքում, ՀՀ միջնակարգ կրթական համակարգը զերծ կմնա այդ վտանգներից, եւ ընդհակառակը` հնարավորություն կստանա զարգացման մի նոր փուլ մտնել.

գ. լիովին մերժելի  համարելով Կառավարության  «Լեզվի մասին» եւ  «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությունների նախագծերը, դիմում ենք Կառավարությանը եւ Ազգային Ժողովին դրանք հետ կանչելու պահանջով: Դրա փոխարեն անհրաժեշտ ենք համարում մասնագետների եւ հանրության լայն մասնակցությամբ հայալեզու հանրակրթության խնդիրների շուրջ ծավալուն քննարկումներ սկսել:

            Բաց նամակը ազատ է ստորագրությունների համար: Ստորագրել ցանկացողները կարող են այցելել Գյումրիում «Շիրակ կենտրոն» ՀԿ (Վարպետաց 176) կամ Ժուռնալիստների «Ասպարեզ ակումբ» (Պուշկինի 26):

Նամակին կարելի է միանալ նաև համաձայնություն ուղարկելով՝ [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:

Դիտվել է 1493 անգամ:

Leave a Reply