Մանր և միջին բիզնեսին անհրաժե՞շտ է հարկային արձակուրդ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | July 8, 2009 17:24
Վազգեն Սաֆարյան
Առաջիկայում «Հայրենական ապրանք արտադրողներ»-ի միությունը կառավարությանը կներկայացնի Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ծրագիր. այս մասին այսօր ասաց միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Ծրագիրի իրականացման համար, ըստ Սաֆարյանի, կպահանջվի 500 հազար դոլար: «Մենք կարող ենք Հայաստանում օգտագործման համար փոքր ինքնաթիռներ հավաքել` ներկրելու փոխարեն: Անգամ կարող ենք արտահանել»,-ասում է Սաֆարյանը` նշելով, որ գյուղատնտեսության ոլորտում հատկապես փոքր ինքնաթիռներն այսօր շատ են անհրաժեշտ:
Մինչև 2002-ը Հայաստանն արտասահմանյան ինքնաթիռ արտադրող ընկերությունների հետ պայմանագիր է ունեցել, և այստեղ հավաքվել են գյուղատնտեսության ոլորտում կիրառվող «TL-38» ինքնաթիռներ:
Սաֆարյանն ասում է, որ պետությունը պետք է փոխի տնտեսական քաղաքականությունը, խրախուսի, որ ապրանքը ներկրելու փոխարեն տեղական արտադրողից հումք մթերեն. «oրինակ` ձեթ ներկրողները կարող են վարկավորել գյուղացիներին, որ կտավատ մշակեն և հանձնեն իրենց` ձեթ արտադրող ընկերություններին»:
Ըստ Սաֆարյանի` այս քայլն արդյունավետ կլինի, եթե տեղական հումքն օգտագործող ընկերություններին հարկային արտոնություններ տրվեն:
«Հարկային ճնշումն այսօր մեծ է, այդ պատճառով էլ ստվերային բիզնեսն է ծաղկում:-ասում է Սաֆարյանը,- Պետք է թեթևացնել հարկային բեռը»:
Հունիսին ՀԴՄ-ների կիրառման շնորհիվ Հայաստանում հավաքագրվել է 30 մլրդ-ի հարկ: Հավաքագրված գումարի 57 տոկոսը կազմում են անուղղակի հարկերը (ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ): Սաֆարյանի խոսքով`զարգացած երկրներում անուղղակի հարկերը հավաքագրված հարկերի 22-25 տոկոսն են կազմում:
Սաֆարյանը նշում է, որ պետք է ստեղծել ազատ առևտրային գոտիներ Գյումրիում, Մեղրիում և Իջևանում, ինչը զարկ կտա ճգնաժամի պայմաններում տնտեսության զարգացմանը:
Սաֆարյանի կարծիքով` արդյունավետ կլինի նաև մանր և միջին բիզնեսին 4-5 ամսով հարկային արձակուրդ տրամադրելը:
Առևտրային ոլորտն արդյունավետ կառավարելու համար «Հայրենական ապրանք արտադրողներ»-ի միությունը դիմել է կառավարությանը` առաջարկելով ստեղծել Արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն:






Facebook
Tweet This
Email This Post
