Հայաստանցիների 39 տոկոսը ցանկանում է լքել երկիրը. Gallup
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 5, 2010 16:59
Նախկին խորհրդային հանրապետությունների շարքում երկիրը մշտապես լքելու ամենամեծ ցանկությունը հայաստանցիների մոտ է առկա: Նման պատկեր են ստացել Gallup հետազոտական կենտրոնի մասնագետները` ուսումնասիրելով 2009-ին ԱՊՀ-ի երկրներում առկա միգրացիոն միտումները:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, նույն հարցումը վկայում է, որ հայ երիտասարդները ևս նախկին ԽՍՀՄ երկրների բնակիչների շարքում ամենաշատը կցանկանային, հնարավորության դեպքում, ուսուցման կամ աշխատանքային որևէ ծրագրով մեկնել երկրից: Հարցումները վկայում են, որ հայաստանցիները մեծ ցանկություն ունեն մեկնելու արտերկիր նաև ժամանակավոր աշխատանքի: Հարցման համաձայն, նման ցանկություն ունի Հայաստանի բնակչության 44 տոկոսը:
Հայաստանից հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39 տոկոսը, Վրաստանից` 14 տոկոսը, իսկ Ադրբեջանից` 12 տոկոսը:
Երկրորդ տեղում Մոլդովան է, որտեղ բնակիչների 36 տոկոսն է երազում երկիրն ընդմիշտ լքելու, իսկ 53 տոկոսը` արտագնա աշխատանքի մասին:
Gallup-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ նախկին խորհրդային պետությունների յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին, եթե ունենար նման հնարավորություն, կցանկանար հեռանալ իր երկրից` ընդմիշտ, ժամանակավոր աշխատանքի կամ սովորելու նպատակով: Նման ցանկություն ԱՊՀ-ի երկրներում այժմ 70 միլիոն մարդ ունի, նրանց գրեթե կեսը կցանկանար ընդհանրապես լքել իր հայրենիքն ու բնակություն հաստատել այլ երկրում:
Հետազոտության արդյունքում նաև պարզվել է, թե ետխորհրդային որ հանրապետություններում են առավելապես արտերկրից ստացվող օգնության հաշվին գոյատևում: Այս ցանկը Տաջիկստանն է գլխավորում, Հայաստանը 4-րդ տեղում է` Մոլդովայից ու Ղրղըզստանից հետո:
Տվյալ սյունակում ամենացածր ցուցանիշը Ռուսաստանն է արձանագրել. պարզվում է, 2009-ին ռուսաստանցիների միայն 1 տոկոսն է արտերկրի իր բարեկամներից ստացել օգնություն:
Հետազոտությունը անցկացվել է ետխորհրդային 12 հանրապետություններում և ավելի քան 13 հազար մարդու շրջանում:






Facebook
Tweet This
Email This Post
