Ստեղծվելու է Ադրբեջանահայերի դատի հանձնախումբ
ՔԱՂԱՔԱԿԱՆ | ankakh | July 8, 2009 16:54
«Ադրբեջանահայերի ասամբլեա» հկ-ն օրինագիծ է ներկայացրել ԱԺ, ըստ որի` պետք է պետական մակարդակով հաստատվի և նշվի Ադրբեջանում հայերի ցեղասպանության օրը (1988 թ., փետրվար, Սումգայիթյան ջարդեր). այս մասին այսօր ասաց հկ նախագահ Գրիգորի Այվազյանը:
Նա ասում է, որ ադրբեջանցիները տարվա մեջ 2 անգամ հայերի կողմից ադրբեջանցիների այսպես կոչված ցեղասպանության օր են նշում, մինչդեռ հայերը, որ իրոք ականատես են եղել ցեղասպանության, նման օր պաշտոնապես չունեն:
Այվազյանն ասում է, որ առաջիկայում կստեղծվի Ադրբեջանահայերի դատի հանձնախումբ, որը կղեկավարի «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հկ նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Ադրբեջանահայերը, ըստ Այվազյանի, դժգոհ են Մինսկի խմբի գործունեությունից, քանի որ վերջինս հաշվի չի առել նրանց շահերը:
Մինսկի խմբի համանախագահները, Այվազյանի կարծիքով, ադրբեջանամետ հայտարարություններ են անում. այսօր հաճախ է խոսվում, որ ապագայում հայերը և ադրբեջանցիները պետք է միասին ապրեն Ղարաբաղի տարածքում: «Եթե ադրբեջանցիները շատ են ուզում հայերի հետ ապրել,- ասում է Այվազյանը,- թող հետ ընդունեն Բաքվի մեկ միլիոնանոց հայկական համայնքը»:
Այվազյանն ասում է, որ Ադրբեջանն օկուպանտ է. նրա տարածքում են Դաշտային Ղարաբաղը, Գանձակը, Նախիջևանը, որոնք պատմական հայկական տարածքներ են: «Ցեղասպան և օկուպանտ երկիրն այսօր զոհի դերում է ներկայանում»,-ասում է Այվազյանը:
Քաղաքագետ, վերլուծաբան Իգոր Մուրադյանն էլ կարծում է, որ Թուրքիան բոլորովին էլ հետաքրքրված չէ ԼՂՀ կարգավորման հարցով, և տեղի ունեցողը պարզապես թատրոն է:
«Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա, քանի որ Թուրքիայի համար Հայաստանը շարունակում է ճնշման միջոց մնալ և թուրքական կողմը Հայաստանին որպես առանձին դիվանագիտական օբյեկտ չի դիտարկում»,-ասում է Մուրադյանը:
Քաղաքագետը համոզված է, որ ԼՂՀ հարցի կարգավորումը պարզապես իմիտացիա է, և Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպման ընթացքում էլ որևէ առաջընթաց չի լինի:
Իր հերթին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին Նախագահ Արկադի Ղուկասյանը, պատասխանելով «ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հարցին, անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հերթական կոշտ հայտարարությանը, թե Ադրբեջանը ԼՂ գոյատևման հնարավորություն չի տեսնում իր սահմաններից դուրս և նրա կարգավիճակի մասին հարցն այսօր չի քննարկվում:
«Ալիևը չի հիշում, որ ԼՂՀ-ը կայացել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին լիովին համապատասխան: Նա չի հիշում Ադրբեջանի ամբողջ տարածքում (Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու …) իրականացված հայերի ջարդերը,-ասել է Ղուկասյանը,-Չի հիշում, որ միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայինների ներգրավմամբ, Ադրբեջանը ԼՂՀ դեմ սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա, ինչի արդյունքում երկու կողմերն էլ ունեցան մարդկային ու նյութական հսկայական կորուստներ»:
Ղուկասյանը նշել է նաև, որ Ադրբեջանը չպետք է մոռանա, թե որքան անփառունակ վախճան ունեցավ նրա ուժային արկածախնդրությունը, և ում հետ, վերջիվերջո, նա ստիպված եղավ 1994 թ. մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել:






Facebook
Tweet This
Email This Post
